Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Մյանմայում զինվորականները հայտարարել են, որ իշխանությունը կփոխանցեն միայն երկրում նոր ու արդար ընտրությունների անցկացումից հետո:
Մյանմայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աուն Խլայնը, ելույթ ունենալով Զինուժի օրվա առթիվ, պնդել է, որ երկրում ռազմական հեղաշրջումն անխուսափելի էր ընտրությունները կեղծելու պատճառով:
Մյանմայի զինվորականները փետրվարի 1-ին հայտարարել էին երկրում մեկ տարով արտակարգ դրություն հաստատելու եւ իշխանությունը վերցնելու մասին՝ դա պատճառաբանելով նախորդ տարվա նոյեմբերին ընտրություններում զանգվածային կեղծման փաստերով: Երկրի՝ դեմոկրատական կարգով ընտրված նախագահ Վին Մյինը, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, պետքարտուղար և համատեղությամբ արտգործնախարար Աուն Սան Սու Չժին և այլ պաշտոնյաներ ձերբակալվեցին:
Զինվորականների եւ նրանց դեմ ցույցեր իրականացնող քաղաքացիների բախումների հետեւանքով փետրվարի 1-ից մինչ օրս մահացել է ավելի քան 300 մարդ: