Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է արել ՀՀ իշխանություններին չեղարկել վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման օրենքը՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել երկրում մեդիայի եւ խոսքի ազատությունը:
«Ցավալի է, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է տուգանքներին, որոնք կսահմանափակեն խոսքի ազատությունը եւ սպառնալիքի տակ կդնեն երկրում լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությունը: Քաղաքացիական հասարակությունն արդարորեն քննադատել է օրենքն այն հիմքով, որ այն կարելի է չարաշահել՝ քաղաքական գործիչներին եւ այլ ազդեցիկ հասարակական գործիչներին քննադատելու համար չափազանց մեծ տուգանքներ գանձելով եւ անկախ լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելով: Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին լրջորեն հաշվի առնել քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների մտահոգությունները եւ չեղարկել օրենքը»,- ասել է կազմակերպության՝ Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը:
ՀՀ ԱԺ՝ մարտի 24-ին ընդունած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով եռապատկվել է վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը. վիրավորանքի համար՝ գործող 1 միլիոնի փոխարեն մինչեւ 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոն դրամի փոխարեն մինչեւ 6 միլիոն դրամ։