Ըստ Al Jazeera-ի՝ Իրանը եւ Չինաստանը Միացյալ Նահանգների տեւական պատժամիջոցներին հակազդելու նպատակով 25 տարվա համագործակցության համաձայնագիր են ստորագրել:
Համաձայնագիրն այսօր Թեհրանում ստորագրեցին Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը եւ երկօրյա այցով Իրան ժամանած Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին։
Բախտակից հինավուրց տերությունների ստորագրած պայմանագրի մանրամասները դեռ պաշտոնապես հրապարակված չեն, բայց այն կլինի «ռազմավարական համաձայնություն», որը, ի հավելումն ռազմական համագործակցության, ներառում է նաեւ չինական խոշորածավալ ներդրումներ Իրանի առանցքային ոլորտներում՝ էներգետիկայում եւ ենթակառուցվածքներում։
Դաշնագրում տեղ են գտել նաեւ առեւտրաշրջանադությանը վերաբերող կետեր, ըստ որոնց հաջորդ տասնամյակում երկկողմ ապրանքաշրջանառությունը տասնապատիկ կաճի եւ կհասնի 600 միլիարդ դոլարի։
Պեկինի եւ Թեհրանի միջեւ «Ռազմավարական համագործակցության մասին» սույն պայմանագրի ստորագրման առաջարկն արել է Չինաստանի ղեկավար Սի Ձինպինը՝ դեռեւս 2016-ի հունվարին Իրան կատարած այցի ընթացքում։