Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Չինաստանը բոյկոտում է օտարերկրյա այն ընկերությունները, որոնք հրաժարվել են օգտագործել ույղուրների աճեցրած Սինցզյան բամբակը:
Bloomberg գործակալության համաձայն՝ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Ջոլինա Փորթերն ասել է, որ համացանց օգտագործողները Պեկինի հովանավորությամբ տեղեկատվական արշավ են սկսել ՝ արտասահմանյան հագուստի ընկերություններին վարկաբեկելու համար:
Օրինակ ՝ չինական սոցիալական ցանցերում կոչեր են տարածվում հրաժարվել հագուստի H&M, Nike եւ Adidas ապրանքանիշերից, որոնք հրաժարվել են Սինցզյան բամբակից՝ դրա արտադրությունը ստրկատիրական աշխատանք համարելով։
Փետրվարի սկզբին արեւմտյան մամուլը հրապարակեց նոր զեկույցներ Չինաստանի իշխանությունների կողմից ույղուրների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին: Այս անգամ խոսքը Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզի այսպես կոչված վերակրթական ճամբարներում ույղուր կանանց սիստեմատիկ բռնաբարության մասին էր: Չինաստանի արտգործնախարարությունը նշել է, որ մի քանի նախկին բանտարկյալների եւ պահակի ցուցմունքների վրա հիմնված այդ լուրը կեղծ է: