«Երիտասարդ կանանց Կովկասի խաղաղության մրցանակ»-ն այս տարի ստացան բժիշկներ, որոնք 44-օրյա պատերազմի օրերին բացառիկ պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերել՝ փրկելով մարդկային կյանքեր:
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի կազմակերպած մրցանակաբաշխությունը կրում է Օլաֆ Պալմեի անվան խաղաղության մրցանակակիր Անահիտ Բայանդուրի անունը:
Դափնեկիրներն ու մրցանակակիրները սովորաբար այն կանայք են, որոնք բարեգործական եւ մարդասիրական գործունեություն են ծավալել աշխարհի տարբեր անկյուններում՝ նպաստելով մարդու իրավունքների պաշտպանությանն ու խաղաղության հաստատմանը, կարեւոր դեր են ունեցել կոնֆլիկտների կանխարգելման գործում: Մրցանակաբաշխությանը տեսակապով միացել էին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորին, մրցանակաբաշխության խորհրդի անդամներ։
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 6-րդ կուրսի ուսանող Գայանե Պապոյանը պատերազմի լուրն ստանալուց անմիջապես հետո իր տասներկու ընկերների հետ որպես կամավոր մեկնել է Արցախ, Հանրապետական բժշկական կենտրոնի վիրահատարանում քսան օր օգնել անեսթեզիոլոգներին: «Երբ իմացա՝ ինձ մրցանակի են ներկայացրել, զարմացա, ուրախացա, էսպիսի միջոցառումները փաստում են, որ կնոջ դերը հասարակության մեջ շատ մեծ է, ու սեռերի այդ բաժանումը, հատկապես արտակարգ իրավիճակների, պատերազմների ընթացքում, էական չէ, որովհետեւ կանայք տղամարդկանց հավասար, գուցեեւ ավելի գործ են արել»,- ասում է Գայանեն:
Պատերազմի օրերին Արցախի հանրապետական բժշկական կենտրոնում երեք վիրահատարանի փոխարեն տասն էր աշխատում, վիրահատությունները կատարվում էին ապաստարաններում: Բժիշկները հիշում են՝ քնում էին գետնին, որտեղ պատահի, միայն թե մի քանի րոպե հանգստանային: «Մեծ սթրես ես ապրում, բացի բժշկական ծառայությունից՝ պետք է լինել ուժեղ, հույսը չկորցնելով՝ աշխատես մինչեւ վերջ: Ոչ մեկս չգիտեինք պատերազմի վերջը՝ օրեր, ամիսներ թե տարիներ կտեւեր, բայց բոլորս էլ պատրաստ էինք մինչեւ վերջ ծառայություն մատուցելու մեր զինվորներին»,- պատմում է բժիշկ, ռադիոլոգ Նարե Սարգսյանը:
Ֆրանսիացի բժիշկ, հոգեբան Կատրին Լեսիմպը 2017 թվականից մասնագիտական աջակցություն է ցուցաբերում Հայաստանում հոգեբանական ծանր վիճակում հայտնված մարդկանց: Պատերազմը կրկնապատկել է նրա գործը: «Մի քանի ամիս է, որ աշխատում եմ նաեւ պատերազմում զոհված զինվորների հարազատների, վիրավոր զինվորների ընտանիքների, տունը կորցրածների հետ: Երբեք ամեն ինչ կորած չէ, պետք է ապրեցնել կյանքը»,- վստահեցնում է բժիշկը:
Մրցանակակիր Դիանա Սայիյանն իրեն առաջնագծում էր տեսնում։ Եղել է Հադրութում, հետո տեղափոխվել Մարտունու շրջանի Գիշի գյուղ։ Կցված էր ռեանիմացիոն բրիգադին. հիվանդներին քաղաք էր հասցնում: Հաճախ են թիրախավորվել, անտառներում թաքնվել: Իր մրցանակը Դիանան նվիրեց զոհված ընկերներից մեկին՝ ռազմական բժիշկ Արամայիս Հայրապետյանին:
«Եղել է, երբ առաջնագծին ամենամոտը մենք էինք: Վիրավորների ընդունում էինք ոչ միայն մեր տարածքից. գերծանրաբեռնված աշխատում էինք: Մրցանակի չէի սպասում, փորձել եմ իմ աշխատանքն անել ոչ միայն մասնագիտական, այլ նաեւ մարդասիրական առումով, նույնիսկ էն ամենափոքր խոսքը, որ վիրավորին ասում ես, շատ կարեւոր է»:
«Շատ կարեւոր գործ էին անում, անձնազոհ, ոչ ոք իրենց չէր հրավիրել, ոչ մի ղեկավար. իրենց սրտի կոչով էին որոշել գնալ, օգնել իրենց երկրին: Էն, ինչ որ իրենք արեցին, հերոսություն էր իսկապես: Էն, ինչի միջով աղջիկներն անցան, շատ ծանր է», ասում է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ նախագահ Գյուլնարա Շահինյանն ու հավելում՝ «իրենց պատմությունները պատերազմների դեմ ամենակարեւոր պատմություններն են»։
Կանանց նվիրվածությունն ու խիզախությունն այս ձեւով «Դեմոկրատիան այսօր» կազմակերպությունն արժեւորում է 2012 թվականից։ Արդեն կան 30 մրցանակակիրներ։ Աշխարհագրությունն էլ ընդգրկուն է՝ հյուսիսային եւ հարավային Կովկաս, Իրաք, Սիրիա, Կիպրոս, Եմեն, Բիրմա, Կոլումբիա, Միացյալ Նահանգներ, Հայաստան եւ Արցախ։ Նշանաբանը մեկն է՝ միասին մենք ուժեղ ենք։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։