Իսրայել Ակինյանը վեց տարեկանից հաճախում էր կարատեի մարզումների, իսկ արդեն տասնչորս տարեկանում արժանացել էր սեւ գոտու։ Բազում մրցումների էր հասցրել մասնակցել ու հաղթանակներ գրանցել, բայց ամենաշատը հպարտանում էր 2014 թվականին միջազգային մրցաշարում ստացած ոսկե մեդալով։ Եզրափակչում նա մրցել էր ադրբեջանցի մարզիկի հետ եւ հաղթել։ Տարիներ անց մարտը տեղափոխվել էր ռազմադաշտ։ Այս անգամ մարտն անհավասար էր, եւ այս պայքարում Իսրայելը չկարողացավ հաղթանակած վերադառնալ․ զոհվեց Արցախյան երկրորդ պատերազմում։
«Ես նրան «լույս» էի ասում, մեր տան լույն էր», — ասում է քույրը՝ Արմինեն, երբ խնդրում ենք եղբորը նկարագրել, եւ հավելում, որ ցանկացած դրական բառ կարելի է օգտագործել նրա մասին, թեեւ դրանք բավական չեն, չեն կարող պատմել, ներկայացնել, թե ինչպիսին էր Իսրայելը։
«Բարության, ընկերության եւ սիրո խորհրդանիշ էր»,- ասում է Արմինեն։ Տան երկար սպասված որդին էր, քույրերը տասներեք եւ տասնչորս տարեկան են եղել, երբ նա ծնվել է։
«Մեր տան ուրախությունն էր, մեր տան հրեշտակը, հիմա էլ երեւի հրեշտակ դարձած մեզ է հսկում»,- տխուր ժպիտով ասում է Արմինեն։ Իսրայելին հիշելիս ընտանիքի անդամների դեմքին միանգամից ժպիտ է բացվում, տղան շատ ուրախ եւ լուսավոր էր, անհնար է նրա մասին խոսելիս չժպտալ։
«Ուրիշ էր, իր աշխարհն ուներ ու այդպիսին էր դեռ մանկուց,- պատմում է Արմինեն,- հիշում եմ, ամառ էր, մոտ երեք տարեկան էր այդ ժամանակ, գորգի վրա նստած՝ ձմռան մասին էր երազում։ Ուժեղ երեւակայություն ուներ, պատկերացնում էր, որ այդ պահին ձյան մեջ նստած էր ու իր շուրջը եղած ձյունով երեւակայական ձնեմարդ էր պատրաստել։ Ես էլ խաղացի նրա խաղը, մոտեցա եւ ոտքով հարվածեցի նրա պատրաստած երեւակայական ձնեմարդուն։ Ձնեմարդը «քանդվեց» իմ հարվածից, իսկ Իսրայելը սկսեց լացել, չէինք կարողանում նրան հանգստացնել»։
Իսրայելը սիրում էր կարատեն։ Իր ամբողջ կյանքը այդ սպորտաձեւին էր միահյուսված։ Սեւ գոտու արժանանալուց հետո ստացել էր նաեւ մարզչական գործունեություն ծավալելու միջազգային հավաստագիր եւ արդեն տասնչորս տարեկանում Դոքենդոյի կենտրոնական մարզադպրոցում աշխատում էր որպես մարզչի օգնական։ Մարզադպրոցի սաները շատ էին սիրում նրան:
«Իրենց սիրելի սեմպայն (ավագ օգնական) էր, բարի, հոգատար, յուրաքանչյուր երեխայի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք եւ ուշադրություն էր ցուցաբերում։ Մինչ օրս էլ սաներից շատերը գրում են մեզ, տխուր են, որ այդքան սիրելի սեմպայն այլեւս չկա»,- նշում է Արմինեն։
Նույնիսկ սիրելի ֆիլմերն էին մարտարվեստների մասին։ Սիրում էր Ջեքի Չանի եւ Ժան-Կլոդ Վան Դամի մասնակցությամբ ֆիլմերը։ Իսկ սիրելի մարզիկ-դերասանը Բրյուս Լին էր, նրա ֆիլմերը դիտելով եւ հնարքները կրկնօրինակելով էր մեծացել։
Բոլոր ծրագրերը սպորտի հետ էին կապված, որոշել էր բանակից վերադառնալուց հետո ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ եւ իր սեփական մարզադպրոցը բացել։
2020-ի հունվարի 23-ին էր զորակոչվել․ մեծ պատրաստակամությամբ եւ բարձր տրամադրությամբ էր գնացել հայրենիքի պարտքը կատարելու։ Որոտանում (Կուբաթլու) էր ծառայում, իսկ սեպտեբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, նա Ջաբրայիլում զորավարժությունների էր։ Հոկտեմբերի 2-ին արմունկից վիրավորվել էր, բեկորային վնասվածք էր ստացել եւ տեղափոխվել էր Խնձորեսկի հոսպիտալ։
«Խնձորեսկի հոսպիտալում հրամանատարներից մեկը մոտեցավ մեզ եւ շնորհակալություն հայտնեց, ասաց, որ Իսրայելը հերոս է, պատմեց, թե ինչպես է, ինքը վիրավոր, անտեսել իր ցավը եւ փրկել շատերին, առաջին օգնություն ցույց տվել, օգնել վիրակապելու»,- հպարտությամբ ասում է Արմինեն։
Ընկերները պատմել են, որ ցավը մոռանալով՝ վնասված ձեռքով էլ օգնել է ռազմադաշտից դուրս բերելու եւ մեքենաներում տեղավորելու վիրավոր զինակիցներին, ասել՝ լավ է, որ իրենն ընդամենը ձեռքն է, ընկերներն օգնության կարիք ունեն։ Իսկ արդեն հոսպիտալում քրոջն ասել է՝ վերադառնալու է դիրքեր, որ հասնի ընկերներին։ Թեեւ հասկանում էր, որ մարդկային կամքով եւ պատրաստակամությամբ հնարավոր չէ հաղթել պատերազմում, որ կռիվը օդային է, եւ որ իր ներկայությունը շատ բան չէր փոխելու, բայց միեւնույնն է, հետ է գնալու, որ թեեւ իր ձեռքը անպիտան է, բայց ինքը դեռ պիտանի է եւ կարող է ընկերներին օգնել, նրանց կողքին կանգնել։
«Այդպես էլ արեց. գնաց, բարձրացավ դիրքեր, կանգնեց ընկերների կողքին եւ անմահացավ»,- ասում է քույրը։
Հոսպիտալից Իսրայելին եւ ձեռքի վնասվածքներով մյուս զինվորներին տեղափոխել են Վազգեն Սարգսյանի անվան ուսումնարան, այդտեղից էլ՝ իրենց զորամասեր․ հոսպիտալներում տեղ չի եղել, եւ ձեռքից վիրավոր զինվորներին հետ էին տանում իրենց զորամասեր։
«Մեզ ասացին, որ նրանց այլեւս պատերազմի դաշտ չեն տանելու, որ այս տղաներն արդեն անպիտան են պատերազմի համար։ Հոկտեբերի 9-ին հետ տարան զորամաս, իսկ արդեն 15-ի առավոտյան զանգահարեց եւ ասաց, որ բարձրանում են դիրքեր»,- պատմում է քույրը։
5:45-ին Իսրայելը զանգել է, զրուցել հոր հետ, խնդրել՝ չանհանգստանան, իսկ 8․30-ին արդեն զոհվել է։
«Հայրիկիս հետ զրուցեց, ասաց, որ երկար չի կարող խոսել, պապան էլ բարձրախոսը միացրեց, որ մեզ էլ մի բան ասի․ ասաց «ջա՜ն», վերջին բառն էր, որ լսեցինք»։
Բայց Իսրայելի մահվան մասին ընտանիքը միանգամից չի իմացել, ավելին՝ նրա մասին տեղեկության վաթսունհինգ օր սպասել են։ Երրորդ օրը նրանց հայտնել են, որ այն հատվածը, որտեղ Իսրայելի 6 հոգանոց ջոկն էր, ռմբակոծվել է, բայց թե ուր են տղաները, հաստատված չէ, եւ որ նրանք ամենայն հավանականությամբ կարողացել են փրկվել ու հիմա անհայտ կորած են։
«Այդ վաթսունհինգ օրը կյանքիս ամենադժվար ու սարսափելի ժամանակահատվածն էր։ Անորոշության, տանջանքի, երկմտանքների ու անարդյունք փնտրտուքների եւ սպասման վաթսունհինգ օր։ Այդ օրերին չէինք ապրում, չէինք կարողանում նույնիսկ հաց ուտել։ Ամբողջ Արցախով մեկ ման ենք եկել նրան, գնում էինք զորամասեր, գյուղերում տնից տուն էինք գնում, բայց ապարդյուն»,- պատմում է Արմինեն։
Դեկտեմբերի 20-ին որոնողական աշխատանքներ են տարվել հենց այն հատվածում, որտեղ վերջին անգամ տեսել էին Իսրայելին։
«Վեց դի էին հայտնաբերել։ Մարմիններն անճանաչելի էին, բայց մի քանիսի մոտ կային զինգրքույկներ։ Այդպես հասկացանք, որ վեցի մեջ էր նաեւ Իսրայելը, հունվարի 22-ին էլ եկավ ԴՆԹ-ի պատասխանը,- ասում է քույրը։- Ամեն ինչի պատրաստ էի, որ գտնեի նրան, բայց գտնելուց հետո հանգստություն չեկավ, ցավը ավելի անասելի եւ աննկարագրելի դարձավ»։
«Իրենով էինք ապրում, մեր տան ուրախությունն էր, մեր պարծանքը»,- ասում է մայրը հեկեկալով։ Դժվարությամբ էր բառեր գտնում. վերքը դեռ շատ թարմ ու խորն է։
Իսրայելն ընկերասեր էր։ Բակի, դասարանի եւ մարզադպրոցի ընկերները հաճախ են այցելում զոհված հերոսի տուն․ պատմում, հիշում եւ ընտանիքի հետ ցավում ընդհանուր կորստի համար․ իրենք էլ նվիրված եւ անչափ հոգատար ընկեր են կորցրել։