Ըստ Bloomberg գործակալության՝ ծովային փոխադրումներով զբաղվող Inchcape Shipping ընկերությունը տեղեկացրել է, որ փրկարարական անձնակազմերը Սուեզի ջրանցքում ծանծաղուտից հանել են Ever Given բեռնարկղանվը:
Առայժմ չի ճշտվում, թե որքան ժամանակում կվերականգնվի նավարկությունը ջրուղով:
The Wall Street Journal պարբերականի տվյալներով՝ բեռնարկղանավն առայժմ հաջողվել է ծանծաղուտից հանել մասնակիորեն: Սուեզի ջրանցքի վարչության ղեկավար Ուսամա Ռաբիան դա լավ նորություն է համարել՝ հավելելով, որ դեռեւս լիովին չեն ավարտել աշխատանքները, բայց կարեւոր է, որ նավը շարժվել է տեղից, եւ այժմ քարշիչները փորձում են ուղղել նավի ընթացքի ուղղությունը:
Ներկա պահին 450 տարբեր նավեր են կուտակվել ջրանցքում:
Հիշեցնենք, որ ճապոնիայական Shohei Kisen ընկերությանը պատկանող եւ պանամական դրոշի ներքո նավարկող 220 հազար ջրատարողությամբ եւ 400 մետր երկարությամբ բեռնանավը սաստիկ քամու եւ ավազամրրիկի պատճառով մարտի 23-ին փակել էր Սուեզի ջրանցքի միջմայրուղային հարավային մասը՝ փոխելով ուղղությունը եւ ջրանցքի 151-րդ կիլոմետրի հատվածում ցռուկով ու խելով խրվելով ծանծաղուտը:
Սուեզի ջրանցքը աշխարհում ամենածանրաբեռնված ծովային առեւտրային ուղիներից է, որի երկարությունը 160 կմ է, լայնքը՝ 250 մետր, խորությունը 20 մետր: Միջերկրական եւ Կարմիր ծովերն իրար կապող ջրանցքը հնարավոր է դարձել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ նավարկությունը՝ Աֆրիկան շրջանցելով եւ ճանապարհը կրճատելով 7000 կիլոմետրով: Ջրանցքով օրական նավարկում է շուրջ 50 նավ:
Bloomberg-ի տվյալներով՝ Սուեզի ջրանցքի խցանումը համաշխարհային տնտեսությանն օրական 10 միլիարդ դոլարի վնաս է պատճառում: