Հայաստանի Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Գեղամ Փաշիկյանը տվյալներ է հայտնել պատերազմում վիրավորված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների մասին. գրեթե 11 հազար հայ զինծառայող է վիրավորվել այս պատերազմում, 885-ը հաշմանդամ է դարձել: Ըստ տվյալների, վիրավորների 2 տոկոսը լուրջ վնասվածքներ է ստացել, 7 տոկոսը՝ ծանր, 55 տոկոսը՝ թեթեւ: Այս պահին բուժվում է շուրջ 1500 զինծառայող:
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանն էլ հայտնել է, որ մինչեւ պատերազմի 22-23-րդ օրը զինծառայողների շրջանում եղել են միայն բեկորային վիրավորումներ, ինչը խոսում է այն մասին, որ հակառակորդը սկզբից կիրառում էր անօդաչու թռչող սարքեր, հեռահար հրետանային միջոցներ։
Զինծառայողների շրջանում առաջին գնդակային վիրավորումները, ըստ ՊՆ ներկայացուցչի, եղել են պատերազմի երրորդ շաբաթվանից հետո, երբ հակառակորդի զորքերը մոտեցել են, եւ անմիջական կոնտակտ է եղել:
Սահակ Օհանյանը հայտնել է նաեւ, որ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում զինծառայողների շրջանում 10 մահ է եղել, որոնց 90 տոկոսը, ըստ ՊՆ ներկայացուցչի, բանվոր-ծառայողներ են եղել եւ նրանց ընտանիքի անդամները: Վարակվածների ամենամեծ թիվը եղել է պատերազմի օրերին զորքերի եւ մոբիլիզիացիոն ռեսուրսների տեղաշարժի ժամանակ՝ վարակման մինչեւ 3500 դեպք:
Այս պահին զինված ուժերի զինծառայողների, պաշտպանության նախարարության ու գլխավոր շտաբի անձնակազմի ծառայողների շրջանում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 150 հիվանդ: