Թուրքիայի կառավարությունից հայտնել են, որ Ստամբուլի պատմական ջրանցքի կառուցման նախագիծը հաստատվել է: Բոսֆորի նեղուցը շրջանցող նոր ջրանցքի կառուցման նախագիծը քննարկվում էր վաղուց, այն միացնելու է Սեւ եւ Մարմարա ծովերը եւ գործելու է Բոսֆորի նեղուցին զուգահեռ: Ստամբուլի ջրանցքը, ըստ կառավարության ներկայացրած նախագածի, բեռնաթափելու է Բոսֆորը, նվազեցնելու է Բոսֆորում տեղի ունեցող վթարները:
Ջրանցքի կառուցման գաղափարին դեմ են եղել բնապահպանները, որոնց պնդմամբ՝ դրա շահագործումը վատ ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա, կոչնչանան Ստամբուլի արեւմուտքում ընկած անտառները, որոնք կոչվում են «Ստամբուլի թոքեր», մյուս կողմից կմեծանա երկրաշարժերի հավանականությունը:
Իրենց հերթին մտահոգություն են հայտնել օտարերկրյա փորձագետները, նշելով, որ Ստամբուլի ջրանցքի կառուցումից հետո Թուրքիան կարող է բարձրացնել նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրոյի կոնվենցիայի վերանայման հարցը: Կոնվենցիան վերականգնում էր Թուրքիայի ինքնիշխանությունը՝ Սեւ ծովից դեպի Միջերկրական ծով տանող Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների նկատմամբ։
Այնուամենայնիվ, թուրքական կառավարությունն ակնկալում է Ստամբուլի ջրանցքի կառուցումն ավարտել մինչեւ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը (2023 թ.): Նշվում է, որ նախագահ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Ստամբուլի ջրանցքն իր ամենամեծ երազանքն է: