Մոլորակի վրա հերթական անգամ տեղի է ունեցել ամենազանգվածային բնապահպանական միջոցառումը՝ «Երկրի ժամը», որի նպատակը շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորումն է: Euronews-ը նշել է, որ 2007-ից անցկացվող այս ակցիային տարեցտարի ավելի շատ մարդ է մասնակցում:
Ըստ ժամանային գոտիների, այս տարի եւս միլիոնավոր մարդիկ 60 րոպե անջատել են լույսերն ու էլեկտրականությամբ աշխատող տեխնիկան: Մարվել են աշխարհի հազարավոր քաղաքների ճարտարապետական ամենանշանավոր կառույցների լույսերը: Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասները, Փարիզի Էյֆելյան աշտարակը, Լոնդոնի Բիգ Բենը, Հռոմի Կոլիզեումը, Մոսկվայի Մեծ թատրոնը եւ այլ նշանավոր կառույցներ մեկ ժամ մնացել են մթան մեջ՝ ի պաշտպանություն Երկիր մոլորակի:
Անցյալ տարի ակցիային միացել էին 190 երկրի ավելի քան յոթ հազար հինգ հարյուր քաղաքների բնակիչներ:
Առաջին անգամ «Երկրի ժամը» անցկացվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում՝ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տեղական մասնաճյուղի նախաձեռնությամբ: Հաջորդ տարվանից արդեն միջոցառումը համաշխարհային ընդգրկում ունեցավ: