Ըստ ուկրաինական «Բանակ-ինֆորմ» գործակալության՝ Ուկրաինայի օդուժը թուրքական հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ներով զորավարժություններ է անցկացրել: Ուսումնական թիրախ են դարձրել երկու կղզիների միջեւ ընկած տարածությունը:
Bayraktar TB2-ը հարվածներ է հասցրել թուրքական արտադրության եւ լազերային թիրախավորման MAM-L հրթիռներով:
Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, մեկնաբանելով ուկրաինական օդուժի զորավարժությունները, հիշատակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքը, ըստ որի՝ թուրքական բայրաքթարները վճռորոշ դեր խաղացին ԼՂ-ում հաղթանակի հասնելու համար: Պարբերականը նշել է, որ սա, ըստ էության, ժամանակակից պատերազմի ցուցադրություն էր. ղարաբաղյան վերջին պատերազմը փաստեց, որ ժամանակակից ԱԹՍ-ների բավարար քանակով հագեցած բանակը բավական նպաստավոր վիճակում է հայտնվում մարտի դաշտում եւ էականորեն բարձրացնում սեփական հետեւակում զինվորների ողջ մնալու հնարավորությունը:
Պարբերականը հիշեցրել է. ՌԴ-ում նախորդ տարվա աշնանը հայտարարել են, որ Կիեւը Դոնբասը վերադարձնելու փորձեր անելիս կարող է դիմել թուրքական հարվածային Bayraktar-ների օգնությանը: