Վատիկանի եկեղեցական վիճակագրական տարեգիրքը (2019) եւ Քահանայապետական տարեգիրքը (2021) ամփոփել են կաթոլիկ հավատացյալների թվերի մասին զեկույցները: Ըստ այդմ, Վատիկանը հայտարարում է, որ 2018-ից ի վեր աշխարհում կաթոլիկների թիվն ավելացել է 16 միլիոնով։ 2019-ի վերջին աշխարհում հաշվվում էր արդեն 1 միլիարդ 345 միլիոն կաթոլիկ, որ կազմում է աշխարհի բնակչության 17.7 տոկոսը:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ Աֆրիկայում կաթոլիկների թիվն աճել է 3.4%-ով, Ասիայում 1.3%-ով, Օվկիանիայում 1.1%-ով, ԱՄՆ-ում՝ 0.84%-ով եւ միայն Եվրոպայում է նկատվել նրանց թվի աննշան նվազում: Տեղեկությունները կազմվում են մկրտության մատյանների հիման վրա:
Վատիկանյան պաշտոնական աղբյուրների համաձայն, աշխարհում աճել է նաեւ կաթոլիկ հոգեւոր դասի ներկայացուցիչների թիվը. անցյալ տարեվերջի տվյալներով, աշխարհում այսօր կա 5.364 կաթոլիկ եպիսկոպոս, 414.336 քահանա, ավելացել են նաեւ սարկավագները:
Այս թվերի ֆոնին, սակայն, նվազում է կին կրոնավորների թիվը. 2018-ի 641.661 կին կրոնավորի փոխարեն 2019-ին աշխարհում կար իրեն կաթոլիկ եկեղեցուն նվիրած 630.099 կին: