ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտնել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 90 տոկոս աճ, եւ առաջիկա շաբաթում կանխատեսվում է ավելի քան 7000 նոր դեպք:
Մասնագետը նշել է, որ այս պահին ՀՀ-ում ծանր համաճարակային իրավիճակ է, երկրի հիվանդանոցային համակարգը չափազանց ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը սպառման եզրին է:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ այսօր, կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում, նշել է, որ վերջին 7 օրվա համեմատականը մտահոգիչ է, Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ, եւ վերահսկողական միջոցառումները չխստացնելու պարագայում վիճակը կվատթարանա:
Հայաստանում առայսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190741 դեպք, առողջացել է 172096-ը, մահացել՝ 3476 մարդ: COVID-19-ից այս պահին փաստացի բուժվում է 14287 մարդ: