Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Շառլ Միշելը եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտադիր են ապրիլի 6-ին մեկնել Թուրքիա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելու համար։ Առաջիկա հանդիպման մասին այլ մանրամասներ չկան։
Անցած շաբաթ Եվրամիության անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ Բրյուսելի գագաթնաժողովում Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ ԵՄ-ն կսառեցնի Թուրքիայի հետ համագործակցությունը՝ Անկարայի կողմից նոր սադրիչ գործողությունների դեպքում։
Տասնամյակներ շարունակ Եվրամիությանն անդամակցել ձգտող Թուրքիայի եւ ԵՄ միջեւ հարաբերությունները կտրուկ սրվել են Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ հատվածում Անկարայի անցկացրած երկրաբանական հետախուզական աշխատանքների պատճառով։ Եվրամիության անդամներ Հունաստանը եւ Կիպրոսը պնդում են, որ թուրքական հետազոտական նավերն ու ռազմանավերը խախտել են իրենց ինքնիշխան ծովային սահմանները։