Արցախյան երկրորդ պատերազմի թեժ օրերից մեկում՝ հոկտեմբերի 12-ին, Գեւորգյանների բնակարան ծաղիկների մեծ փունջ էին առաքել: Զինվոր որդուն՝ Գրիգորին, անգամ պատերազմը չէր խանգարել, որ մոր ծննդյան օրը անակնկալ մատուցեր: Երեկոյան էլ զանգել էր՝ պարզելու՝ մայրը երջանիկ է, հավանել է նվերը: Մայրը շատ է հուզվել, շնորհակալական խոսքերից բացի՝ գրեթե ոչինչ չի կարողացել ասել: Դա էլ եղել է նրանց վերջին զրույցը:
Գրիգորի քույրը՝ Մարիամը, եղբոր մասին պատմում է. «Շատ դրական կերպար էր, «Ժպիտ» էի դրել անունը. ուր գնում էր, կատակներ էր անում, մարդկանց տրամադրությունը բարձրացնում»: Հատկապես շատ լավ նմանակումներ էր անում, նմանակում էր ուսուցիչների, ընկերների, բարեկամների խոսելաոճն ու վարվեցողության ձեւերը եւ ծիծաղեցնում էր իր «հանդիսատեսին»: Տղայի այդ տաղանդով բոլորն էին հիացած, նույնիսկ մի քիչ սուր նմանակումների համար նրանից երբեք չէին նեղանում:
Գրիգորը շատ աշխատասեր էր. ջանացել է շուտ աշխատանք գտնել, որ կարողանա տնեցիների հոգսը թեթեւացնել: Ամառային արձակուրդներին կարճաժամկետ աշխատանքներ է արել․ զբաղվել է հիմնականում շինարարությամբ եւ այգեգործությամբ: Աշխատանքի հետ համատեղել է ուսումը. սովորել է Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանում:
Գրիգորը վաղ հասակից երազել էր զինվոր դառնալու մասին ու սպասել բանակ գնալու օրվան: «Անհամբեր էր, զորակոչվելուց դեռ երկու ամիս առաջ գլուխը սափրել էր, անհրաժեշտ զինվորական բոլոր պարագաները գնել: Շատ էր ուզում ծառայել, ասում էր՝ շուտ գնամ, որ շուտ գամ»,- հիշում է Մարիամը:
Գրիգորի բանակ գնալուց առաջ ընտանիքը մեծ խնջույք էր կազմակերպել: Քույրը պատմում է՝ այդ օրը նա շատ երջանիկ էր, առաջին անգամ են նրան պարելիս տեսել: «Քեֆ էր անում, հավեսով պարում էր, հերթով բոլորիս ճակատները համբուրում ու ամուր գրկում էր. զարմացել էինք, մտածում էինք՝ մի փոքր հարբած է»,- արցունքն աչքերին՝ պատմում է քույրը:
Գրիգորը ծառայել է Հադրութում: Քույրն ասում է՝ այնքան սիրեց Հադրութը, որ այն իր երկրորդ ծննդավայրն էր համարում: Զանգելիս միշտ հիացած պատմել է Հադրութի բնաշխարհի եւ մաքուր օդի մասին:
Երբեք չի բողոքել ծառայությունից, արագ հարմարվել է կարգուկանոնին:
Մարտակից ընկերները պատմում են, որ անկեղծ ու բարի էր. եթե նույնիսկ մի տուփ ծխախոտ կամ քաղցրավենիք ունենար, կբաժաներ բոլորին, երբեմն իրեն չէր թողնի:
Գրիգորը երեք ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Զորամասի վարորդն է եղել, զինվորներին հաց տանելու ճանապարհին է զոհվել:
Ընտանիքի անդամները չեն կարողանում համակերպվել սիրելի որդու կորստին։ Նրանց համար Գրիգորը կենդանի է ու դեռ ծառայում է։ Շարունակում են հետհաշվարկը, հաշվում՝ քանի օր է մնացել որդու վերադարձին։ Իրենք էլ չգիտեն, թե երկու տարին լրանալուց եւ ծառայության ժամկետի ավարտից հետո ինչպես են փախչելու իրականությունից եւ շարունակելու սպասել որդու վերադարձին։