Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Դուշանբեում, «Ասիայի սիրտ-Ստամբուլյան գործընթաց» նախարարական համաժողովի շրջանակում, տեղի է ունեցել Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Մոհամադ Զարիֆի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Երկկողմ հարաբերություններից բացի, քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը, մասնավորապես՝ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակին եւ եռակողմ հայտարարության իրականացմանը վերաբերող հարցեր։
Արտգործնախարարներն անդրադարձել են Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներոմ վերականգնողական աշխատանքներին։ Զարիֆը վերահաստատել է այդ աշխատանքներին, ինչպես նաեւ ականազերծման գործողություններին մասնակցելու՝ իրանական ընկերությունների պատրաստակամությունը։
«Ասիայի սիրտ-Ստամբուլյան գործընթաց»-ը Թուրքիայի եւ Աֆղանստանի՝ 2011-ին մեկնարկած տարածաշրջանային նախաձեռնությունն է՝ ուղղված քաղաքական երկխոսության տարածաշրանային համագործակցությանը՝ հանուն Աֆղանստանում եւ ամբողջ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման: «Ստամբուլյան գործընթաց»-ի մասնակիցներն են Աֆղանստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ռուսաստանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ղազախստանը, Ղրղստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը եւ Տաջիկստանը: