Հրեական Jerusalem Post պարբերականը գրել է, որ, ինչպես հաղորդվում է, Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ կյանքի կոչելով Միացյալ Նահանգների պատմական եւ երկար սպասված որոշումներից մեկը։
2019-ին Միացյալ Նահանգների ե՛ւ Սենատը, ե՛ւ Կոնգրեսը ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, այժմ նույնն ակնկալվում է ԱՄՆ նախագահից։
Ըստ պարբերականի՝ բարոյապես աններելի քայլ է, որ Իսրայելը եւ շատ այլ երկրներ հրաժարվել են ճանաչել Օսմանյան Թուրքիայի կողմից հայ քրիստոնյաների դեմ իրականացրած ցեղասպանությունը։
Jerusalem Post-ը նշում է, որ շատ պատմաբաններ Հայոց ցեղասպանությունը դիտարկում են որպես Հոլոքոսթի նախադեպ։ Եվ ճանաչումն ու դրանց հաճախակի հիշատակումը որոշիչ նշանակություն կունենան հետագայում ցեղասպանությունների կանխարգելման գործում։ Չնայած ճնշող ապացույցներին եւ ականատեսների վկայություններին՝ շատ տարաձայնություններ են առաջանում ճանաչման շուրջ․ Թուրքիան կտրականապես մերժում է ընդունել կոտորածի պատասխանատվությունը։
Իսրայելի դեպքում կառավարությունը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը ՝ Թուրքիայի հետ անկայուն, բայց ռազմավարական-քաղաքական հարաբերությունների պատճառով:
Տասնամյակներ շարունակ Թուրքիան սպառնացել է երկրներին, երբ փորձել են քայլ անել ճանաչելու ցեղասպանությունը։
Միացյալ Նահանգները բազմիցս նշել է Հայոց ցեղասպանությունը ճանաչման կարեւորությունը։ Քառասուն տարի առաջ նախագահ Ռոնալդ Ռեյգանը օգտագործեց «ցեղասպանություն» բառը, որը մեծ քայլ էր դեպի ճանաչում։ Սակայն ԱՄՆ նախագահները խուսափել են ճանաչումից՝ չցանկանալով հակառակվել Թուրքիային։
Սպիտակ տան աղբյուրներն օրերս նշել են, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ քայլ կատարելով պատմական սխալը ուղղելու ճանապարհին։