ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում, լրագրողի՝ «Արդյոք ղարաբաղյան իրադարձություններից հետո վտանգ չկա, որ ՌԴ-ն Կովկասում կկորցնի երկու բարեկամ երկրներին, այն պարագայում, երբ Հայաստանում ներքին խժդժություններ կան, իսկ Ադրբեջանն օրեցօր ավելի է ձգտում դեպի Թուրքիա» հարցին ի պատասխան ասել է, որ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ ունի փոխադարձ հարգանքի վրա հիմնված հիանալի, վստահելի, հեռանկարային հարաբերություններ, իսկ Հայաստանի հետ՝ պատմական լավ հարաբերություններ: Ըստ նրա՝ Ռուսաստանն ու Հայաստանը «մեծաթիվ ինտեգրացիոն գործընթացներ ունեն, որոնք Հայաստանին զգալի օգուտ են տալիս՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով»:
Պեսկովը հիշեցրել է ղարաբաղյան վերջին պատերազմում՝ կրակի դադարեցման գործում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերակատարման մասին: