Վրաստանի Հաշտության եւ քաղաքացիական հավասարության պետական նախարար Թեա Ախվլեդիանին ասել է, որ Աբխազիայում եւ Ցխինվալում բնակվող բժշկական անձնակազմը եւ 65 տարեկանից բարձր մարդիկ եւս հնարավորություն ունեն պատվաստվելու կորոնավիրուսի պատվաստանյութերով:
«Աբխազիայում եւ Վրաստանի Ցխինվալի շրջանում բնակվող բժշկական ոլորտի եւ ռիսկային տարիքային խմբի անձանց հնարավորություն է ընձեռվում ընդգրկվել Վրաստանում ընթացիկ իմունիզացիայի ծրագրում: Նրանք կարող են պատվաստվել Վրաստանի կառավարության կողմից վերահսկվող տարածքում»,- նշել է պետնախարարը:
Առողջապահության նախարար Էկա Տիկարաձեի խոսքով՝ գրավյալ շրջաններում ապրող քաղաքացիները կկարողանան գրանցվել կլինիկաներում՝ կառավարության կողմից վերահսկվող տարածքում, որից հետո կպատվաստվեն: