«Ռեժիմի դիրքերն ամրապնդելու իր փորձերում Ռուսաստանի նախագահը կրկնում է ՊԱԿ-ի սխալները. դա «N1 ներքին թշնամուն» բռնաճնշումների դիմադրության միջազգային խորհրդանիշ դարձնելն է»,-բրիտանական The Times պարբերականում գրում է Բեն Մակինթայերը (Ben Macintyre)՝ զուգահեռի վրա դնելով Խորհրդային Միության եւ արդի Ռուսաստանի գլխավոր քննադատներին՝ Անդրեյ Սախարովին եւ Ալեքսեյ Նավալնուն։ Հոդվածը հրապարակվում է մասնակի կրճատումներով։
1975-ին, երբ Վլադիմիր Պուտինը նոր էր աշխատանքի անցնում Պետական անվտանգության Կոմիտեի (ՊԱԿ) համակարգում, ռուս ֆիզիկոս Անդրեյ Սախարովին շնորհվեց Խաղաղության Նոբելյան մրցանակ: Մեկ տարի անց ՊԱԿ-ը սովետական ամենահայտնի այս այլախոհին հայտարարեց «N1 ներքին թշնամի»:
Սախարովը կարեւոր դեր էր խաղացել սովետական ջրածնային ռումբի մշակման գործում`իր աշխատանքի համար արժանանալով աննախադեպ մեծ թվով մրցանակների, այդ թվում՝ Սոցիալիստական աշխատանքի հերոսի երեք կոչման, Լենինի չորս շքանշանի, Ստալինյան մրցանակի եւ 1956-ին՝ Լենինյան մրցանակի:
Բայց 1975-ին նա արդեն Խորհրդային Միության գլխավոր ներքին քննադատն էր, որը դեմ էր միջուկային զենքի տարածմանը, պահանջում էր ժողովրդավարացում եւ տարածում հայտարարություններ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների:
«Մտքի ազատությունը ժողովրդին զանգվածային առասպելների վարակից փրկելու միակ երաշխիքն է»,- գրում էր Սախարովը, որին Նոբելյան կոմիտեն հռչակել էր «մարդկության խղճի խոսնակ»:
Հաջորդ 14 տարիներին Սախարովը մնաց ՊԱԿ-ի գլխավոր թշնամին: Նրան դաժանորեն հետապնդում էին, իսկ 1980-ին ձերբակալեցին այն բանից հետո, երբ բողոքեց սովետական զորքերի Աֆղանստան ներխուժման դեմ:
Սախարովը հինգ տարով աքսորվեց Գորկի փակ քաղաք (այժմ՝ Նիժնի Նովգորոդ), որտեղ հացադուլի ընթացքում նրան ստիպողաբար կերակրում էին:
Ամենքի եւ յուրաքանչյուրի ազատությունը պահանջողի, մարդու ազատությունների վրա հարձակումների դեմ պայքարողի նրա հեղինակությունն աճում էր, իսկ ՊԱԿ-ն ավելի ու ավելի էր անհանգստանում: Արեւմուտքը շարունակում էր բարձրաձայնել իր հիացմունքը Սախարովի հանդեպ, մինչ խորհրդային իշխանություններն ամեն կերպ փորձում էին մեկուսացնել եւ լռեցնել նրան:
1977-ին ԱՄՆ Նախագահ Ջիմի Քարթերը Սախարովին աջակցության բաց նամակ գրեց: Իսկ խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովը միայն ինը տարի անց, երբ պերեստրոյկան եւ գլասնոստն արդեն թափ էին հավաքում, վերջապես զանգահարեց Սախարովին։ Այդ զանգի համար նրա տանը հապշտապ հեռախոս տեղադրեցին, քանի որ ամբողջովին կտրված էր արտաքին աշխարհից։ Գորբաչովն ասաց՝ կարող եք վերադառնալ Մոսկվա:
Այդ ժամանակ նրա ժողովրդականությունն անշուշտ քաղաքական սպառնալիք էր Կրեմլի համար։ Չեխոսլովակիայի նախագահ դարձած չեխ գրող Վացլավ Հավելը կարծում էր, որ եթե Սախարովն ավելի երկար ապրեր, կընտրվեր Ռուսաստանի նախագահ:
1988-ին Եվրախորհրդարանը սահմանեց Սախարովի անվան մտքի ազատության մրցանակը, որն ամեն տարի շնորհվում է մարդու իրավունքների պաշտպանության գործում նշանակալի ներդրման համար: Այն հաճախ շնորհվում է այլախոհներին, լրագրողներին, գրողներին եւ ակտիվիստներին, ովքեր, ինչպես ինքը՝ Սախարովը, մեծ գին են վճարում իրենց սկզբունքներին հավատարիմ մնալու համար: Առաջինը ստացավ Նելսոն Մանդելան:
Սախարովը մահացավ 1989-ին, երբ Խորհրդային Միությունն արդեն մոտենում էր փլուզմանը: Սախարովը հաղթեց: Թեեւ զրկված էր պետական բոլոր պարգեւներից, որոնք ստացել էր խորհրդային իշխանություններից, բայց նա դեռ ուներ շատ մրցանակներ, որոնք Արեւմուտքն էր նրան հանձնել՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ, «Չինո դել Դուկա» միջազգային գրական մրցանակ եւ միջազգային Հումանիստական միության մրցանակ:
Նման պարգեւները հաճախ փոքր նշանակություն կամ հակադարձ արդյունք են ունենում ստացողի համար: Եթե Նավալնին 2021 թվականին ստանա Նոբելյան Խաղաղության եւ Սախարովի անվան մրցանակներ, նա դրանք վերցնելու հնարավորություն չի ունենա, բայց այդ պատճառով էլ նրան պետք է շնորհել այս երկու մրցանակները։
Պատրաստեց Կարինե Դավոյանը