Ստամբուլի ֆոտո եւ կինոսիրողների միության (İFSAK) 54-րդ համագումարում միության նախագահ է ընտրվել հայ լուսանկարիչ, Թուրքիայի Բեյքոզի համալսարանի դասախոս Տայք Տանձիկը:
1959 թվականին ստեղծված այս միությունը Թուրքիայի լուսանկարչության եւ ֆիլմարվեստի ամենահեղինակավոր կազմակերպություններից է: Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը մանրամասներ է ներկայացրել միության նախագահի պաշտոնում ընտրված Տայք Տանձիկի մասին, նշելով, որ մինչ այդ նա միության փոխնախագահն էր:
Պոլսահայ լուսանկարիչ Տայք Տանձիկը ծնվել է 1972-ին, ստացել է համակարգչային ծրագավորման եւ կառավարման մասնագետի կրթություն, լուսանկարչությամբ զբաղվել է դեռեւս դպրոցական տարիներից՝ Ստամբուլի Կենտրոնական հայկական վարժարանում սովորելու տարիներին: Ստամբուլի ֆոտո եւ կինոսիրողների միության անդամ է 2013-ից: Հայ լուսանկարիչը բազմաթիվ թուրքական եւ միջազգային մրցույթներում մրցանակների է արժանացել, ղեկավարել է İFSAK-ի շատ ծրագրեր:
Տայք Տանձիկը Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս համբավ է ձեռք բերել հատկապես նյու (nude) ժանրի լուսանկարներով: Գեղարվեստական այս ժանրի նրա լուսանկարները տպագրվել են արվեստի ամսագրերում: 2016-ին Փարիզում մասնակցել է խմբային ցուցահանդեսի, ունեցել է այլ ցուցահանդեսներ:
Արվեստագետը նաեւ լուսանկարչության այլ ժանրի աշխատանքներ ունի, ինչպես տեղեկացնում է «Ժամանակ» օրաթերթը, Ստամբուլի հայկական համայնքում գեղարվեստական ձեռնարկների լուսանկարահանումներ է արել: Երեւանում հրատարակվել են նրա մի շարք ալբոմներ. հատկապես հայտնի է Օսմանյան կայսրության ժամանակ մեծ դեր ունեցած Բալյան արքունական ճարտարապետական ընտանիքի ժառանգությանը նվիրված նրա պատկերագիրքը:
İFSAK-ում վարչական եւ մասնագիտական աշխատանքին զուգահեռ հայ լուսանկարիչը հիմնել է «Opus Rea» լուսանկարչական խմբակը: Նրա լուսանկարները տպագրվում են Թուրքիայում լույս տեսնող թերթերում եւ ամսագրերում: