Գերմանիայում լույս տեսնող Schneller հեղինակավոր պարբերականն իր վերջին համարը նվիրել է Հայաստանին ու Արցախին` շեշտադրելով պատերազմն ու պատերազմից հետո Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակը: Համարում ընդգրկված են Հայաստանից, Գերմանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իսրայելից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Թուրքիայից հեղինակների վերլուծական եւ այլ բնույթի հոդվածներ:
Ամսագրի խմբագիրը՝ Կատիա Դորոքի Բաքին, խմբագրականում կարեւորել է նման հատուկ համարի անհրաժեշտությունը, հատկապես Արեւմուտքում ապրողների համար, որոնք շատ քիչ գիտեն Հայաստանի եւ Արցախի մասին: Այս առումով հատուկ թողարկումը հայամետ է:
Հոդվածներից մեկի հեղինակ Արաբական ծոցի երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, դոկտոր Հրայր Ջեբեջյանն ասում է, որ ամսագիրը հատկապես Արցախյան վերջին պատերազմի ազդեցության մասին հոդվածներ գրելու առաջարկով դիմել է տարբեր երկրներում ապրող հիմնականում հայ հեղինակների:
«Ինձ խնդրել են՝ իմ հոդվածում վերլուծեմ, թե ինչ ազդեցություն է ունեցել Արցախյան պատերազմը, եւ ես՝ որպես Միջին Արեւլքում ծնված եւ մինչ օրս այդ տարածաշրջանում ապրող հայ, ինչպես եմ դիտում պատերազմն ու դրա հետեւանքները: Հոդվածում խոսել եմ սփյուռքահայի տեսանկյունից Արցախյան պատերազմի հատկապես հոգեմտավոր եւ իմացական ազդեցության մասին. ինչ է նշանակում լինել ցեղասպանությունից փրկվածների երրորդ սերնդի հայ եւ տեսնել նման պատերազմ: Գրել եմ առհասարակ «հող» հասկացության մասին: Մենք՝ որպես սփյուռքահայեր, կապված ենք Հայաստանի եւ Արցախի, նաեւ այն երկրների հետ, որտեղ ծնվել ենք, եւ որոնք նույնպես մեր ինքնության մի մասն են: Որպես աստվածաբան՝ իմ հոդվածի հիմքում դրել եմ Աստվածաշնչից Պողոս առաքյալի մի խոսքը՝ «Բարի պատերազմը պատերազմեցայ, ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի»։ Վայրագությունը միայն վայրագություն է սերմանում։ Բարին է, որ հաղթելու է»,- ասում է Հրայր Ջեբեջյանը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։