14 երկիր, այդ թվում ԱՄՆ-ը, մտահոգություն են հայտնել COVID-19-ի ծագման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցի վերաբերյալ:
Չինացի փորձագետների մասնակցությամբ պատրաստված այդ ուսումնասիրության օբյեկտիվության վերաբերյալ կասկածներ է հայտնել Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին։
Զեկույցում ԱՀԿ մասնագետները նշել են, որ Չինաստան ուղեւորության ընթացքում չեն կարողացել գտնել վարակի աղբյուրը՝ հավելելով, որ վարակի աղբյուրի որոնումները կշարունակվեն: ԱՀԿ փորձագիտական խմբի ղեկավար Փիթեր Բեն Էմբարեքն ասել է, որ վարակի լաբորատոր ծագման վարկածը համարվում է շատ քիչ հավանական:
Մինչ այժմ մասնագետները եկել են նախնական եզրակացությունների, որ նոր տիպի կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, փոխանցվել է մարդկանց չղջիկների միջոցով՝ մեկ այլ՝ միջանկյալ դեռեւս անհայտ կենդանուց եւ դա տեղի է ունեցել նույնիսկ Ուհանում բռնկումից առաջ ու հայտնի տեղական շուկայից հեռու:
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինին մեղադրել էր, որ թաքցրել են վարակի եւ սանիտարական միջոցառումների ձախողման վերաբերյալ տվյալները, ինչն էլ, նրա խոսքով, հանգեցրել է համավարակի: Չինաստանը հերքել է այս պնդումները՝ հայտարարելով, թե արեւմտյան երկրներն իրենք են պատասխանատու COVID-19-ի դեմ պայքարում ձախողումների համար: