Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը մարտի 31-ին ձայների մեծամասնությամբ վավերացրել է երկրում ԱՄՆ ռազմակայանները պահելու ծախսերի բաշխման պայմանները մեկ տարով երկարաձգելու համաձայնագիրը:
Kyodo գործակալությունը նշել է, որ Ճապոնիան եւ ԱՄՆ-ը նաեւ ծրագրում են այս տարվա ընթացքում համաձայնություն ձեռք բերել 2022-ից հետո ամերիկյան ռազմական օբյեկտները պահելու ծախսերի բաշխման պայմանների շուրջը: Ծախսերը, որոնք 2021 ֆինանսական տարում (2021-ի ապրիլի 1-ից) կհոգա ճապոնական կողմը, կկազմեն 201,7 միլիարդ իեն (շուրջ 1,9 միլիարդ դոլար):
Փետրվարին Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի կառավարությունները համաձայնության էին եկել մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը (2021 ֆինանսական տարվա ավարտը) երկրում ամերիկյան ռազմակայանները պահելու ծախսերի բաշխման պայմանների երկարաձգման շուրջը: Ճապոնիան վճարում է այդ օբյեկտների հետ կապված բոլոր կոմունալ ծախսերը, ինչպես նաեւ աշխատավարձ է տալիս տեղի վարձու անձնակազմին: