30 տարի առաջ՝ 1991 թվականի մարտի 31-ին, երկրի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Աբխազիայի Ինքնավար Հանրապետության եւ Ցխինվալի շրջանում, անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ժողովուրդը միահամուռ արտահայտվեց անկախ պետականության վերականգնման օգտին:
«Համաձա՞յն եք վերականգնել Վրաստանի պետական անկախությունը 1918 թվականի մայիսի 26-ի Անկախության ակտի հիման վրա» հարցին «այո» էր պատասխանել 3 295 493 քաղաքացի՝ ընտրողների 99,08 տոկոսը:
Ապրիլի 9-ին, քվեարկության արդյունքներով Գերագույն խորհուրդը հռչակեց «Վրաստանի պետական անկախության ակտը» եւ դուրս եկավ ԽՍՀՄ կազմից: Սա վերջին հանրաքվեն էր, որն անցկացվեց Վրաստանի ամբողջ տարածքում, ներառյալ Աբխազիան եւ Հարավային Օսիայի նախկին ինքնավար շրջանները:
Աղբյուր՝ aliq.ge