Հայաստանում մահացել է լիբանանահայ անվանի գործիչ, Մերձավոր Արեւելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ, Հայ սեւ գոտիների միության հիմնադիր, արեւելյան մարտարվեստի վարպետ Կարո Քեբաբջյանը, որ հայտնի է Մաստեր Կարո անունով:
Լիբանանից բացի նա մարտարվեստի կենտրոններ է հիմնել սփյուռքի տարբեր համայնքերում եւ Արցախում՝ նպատակ ունենալով մարզել հայ երիտասարդ սերնդին ու նրանց համախմբել հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ:
Մարտարվեստի զարգացման ծրագրերին զուգահեռ՝ Կարո Քեբաբջյանը հասարակական, քաղաքական եւ այլ գործունեություն է ունեցել, երկար տարիներ լինելով Արցախի ներկայացուցիչը նախ Լիբանանում, ապա՝ Մերձավոր Արեւելքի երկրներում, այդ երկրներից ներդրումներ է բերել Հայաստան ու Արցախ:
Սեփական միջոցներով շինարարական աշխատանքներ է կատարել Արցախում եւ Արագածոտնի մարզում՝ քաջալերելով սփյուռքահայերին գալ, տուն գնել եւ ապրել հայրենիքում: Նա նույնպես ապրում էր Արագածոտնի մարզում:
Շուշիում հիմնել է «Շուշի գրանդ հոթել»-ը, Արցախում այլ ներդրումներ է կատարել, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում:
Կարո Քեբաբջյանը արեւելյան մարտարվեստին նվիրված գրքի հեղինակ է. նրա գիրքը եւ Լիբանանում 1970-ականներին բացած մարտարվեստի կենտրոնը մեծ դեր են ունեցել երիտասարդության ինքնակազմակերպման եւ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին հայկական թաղերի ինքնապաշտպանության գործում, Հայաստանի անկախությունից հետո նա այդ ոգին փոխադրել է Արցախ:
Մաստեր Կարոյի մահը սգում են նրա հազարավոր հայ եւ օտար աշակերտները, Արցախում, Լիբանանում եւ այլուր նրան ճանաչողները: