Միացյալ Նահանգները եւ եւս 13 պետություն Չինաստանին կոչ են արել տրամադրել կորոնավիրուսի ծագման հարցով Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ չինացի փորձագետների ամբողջական զեկույցը: Նրանց մտահոգել է հրապարակված զեկույցի համառոտ տարբերակում կարեւոր տվյալների բացակայությունը:
ԱՄՆ կոչին միացել են Ավստրալիան, Կանադան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան, Հարավային Կորեան, Սլովենիան, Մեծ Բիտանիան, Իսրայելը եւ Ճապոնիան:
Նշված երկրները պնդում են, որ համավարակի պատճառ դարձած հիվանդության ծագման մասին պետք է կազմվի միջամտությունից եւ անհարկի ազդեցությունից անկախ վերլուծություն:
Կոչը հրապարակվել է Ժնեւում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտողների թիմի ղեկավար Պետեր Բեն Էմբարեկի կողմից՝ կորոնավիրուսի ծագման մասին նախնական զեկույցի ներկայացումից հետո, թեեւ վերջինս նշել է, որ սա ընդամենը բարդ հետազոտությունների առաջին, մակերեսային փուլն է եւ դրանք առավել խորությամբ ուսումնասիրվում են:
Հիշեցնենք, որ ԱՀԿ եւ Չինաստանի փորձագետները հայտարարել են, թե կորոնավիրուսը, ըստ երեւույթին, մարդուն կենդանուց է փոխանցվել մեկ ուրիշ կենդանու միջոցով:
Փորձագետները խիստ անհավանական են համարում Ուհանի գիտական լաբորատորիայից վիրուսը պատահաբար կամ միտումնավոր դուրս բերելու վարկածը: