ԱՄՆ Նյու Յորք նահանգում օրինականացվել է մարիխուանայի օգտագործումը չափահասների շրջանում: Նահանգային Սենատն օրինագիծն ընդունել է ձայների 40-23, իսկ Ասամբլեան՝ 100-49 հարաբերակցությամբ։
Ըստ Jerusalem Post-ի՝ նահանգապետ Անդրյու Կուոմոն, հայտարարելով օրինագիծը ստորագրելու մասին, ասել է, որ անհամբերությամբ էր սպասում այդ օրվան։
Այսպիսով՝ Նյու Յորքը դարձավ ԱՄՆ 15-րդ նահանգը, որը թույլ է տալիս մարիխուանա օգտագործել ոչ միայն բժշկական նպատակներով:
New York Post թերթը նշում է, որ Նյու Յորքի՝ 21 տարեկանից բարձր բնակիչներին կթույլատրվի անձնական օգտագործման համար պահել մինչեւ 85 գրամ կանեփ:
Նոր օրինագիծը հետադարձ ուժ ունի, եւ նահանգի՝ կանեփի օգտագործման մեղադրանքներով դատապարտված հազարավոր բնակիչներ կարդարացվեն:
Սպասվում է, որ 2022 թվականի դեկտեմբերից կսկսվի կանեփի պաշտոնական վաճառքը մասնագիտացված խանութներում: Նահանգում կստեղծվի մարիխուանայի արտադրությունն ու իրացումը կարգավորող հատուկ մարմին:
Նյու Յորք նահանգի պաշտոնական կայքը նշել է, որ ըստ կանխատեսումների՝ նոր արդյունաբերությունը կստեղծի 30-60 հազար աշխատատեղ, իսկ գանձապետարանը կհամալրի տարեկան լրացուցիչ 350 միլիոն դոլարով:
Նախքան այս օրենքը՝ Նյու Յորք նահանգում մարիխուանայի պահպանման համար տուգանք էր սահմանված. մինչեւ 28 գրամ թմրանյութ պահելու համար՝ 50 դոլար, 28 գրամ եւ ավելի քանակի համար՝ 200 դոլար: Ավելի մեծ քանակի պահպանումը գնահատվում էր որպես թեթեւ քրեական հանցանք: