Ըստ բրիտանական The Guardian պարբերականի՝ Եվրահանձնաժողովը մտադիր է Լեհաստանին դատի տալ համապատասխան օրենքում դատավորների անկախությունը խաթարող փոփոխություն նախաձեռնելու համար։
Բրյուսելը հայտնել է, որ դիմել է նաեւ Եվրոպայի արդարադատության դատարան՝ խնդրելով նախքան վերջնական վճիռը կասեցնել Լեհաստանի՝ 2019 թվականին ընդունած նոր օրենքը։
Լեհաստանում 2019-ին ընդունված օրենքը թույլ է տալիս դատարանների ընդունած դատավճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ սկսել: Եվրահանձնաժողովում դա գնահատվեց իբրեւ դատավորների անկախությունն ու անկողմնակալությունը խաթարող օրենք:
Լեհաստանի կառավարությունը հայտնել է, որ օրենքը Եվրահանձնաժողովի կողմից կասեցնելու իրավական կամ փաստական ոչ մի հիմնավորում չկա։