Մեր ճակատագրական սխալները՝ մեր ու մեր հակառակորդի ուժերն ու հնարավորությունները համադրել չկարողանալը, հնարավորի փոխարեն ամեն ինչ եւ ավելին ունենալու մարմաջը, մեր անպատասխանատու ու վայրիվերո վերաբերմունքն աշխարհին ու հարեւաններին բերեցին մեզ այս եզրագիծ, որից այն կողմ կործանումն է։ Սա չափազանցություն չէ։ Սա մեր իրականությունն է։
Այս ճակատագրականությունը հասկանալու համար ընդամենը պետք է 44-օրյա պատերազմից ու ջախջախիչ պարտությունից հետո ստեղծված իրավիճակը, մեր հարեւանների ագրեսիվ նկրտումները եւ մեր տարածաշրջանի քարտեզը համադրել, ինչից չի կարող ակնհայտ չդառնալ այն մեծ վտանգը, որ կախված է մեր գլխին։
Մեր անմիջական հարեւաններ Ադրբեջանը եւ Թուրքիան եղբայրական ժողովուրդներ են։ Նրանց շահերը համընկնում են եւ, շատ առումներով, հակասում մեր շահերին։ Պատմությունը մեր այս երկու հարեւանների հետ մեզ փոխհարաբերությունների ծանրագույն բեռ է փոխանցել։ Եթե մենք շարունակենք կքած մնալ անցյալի, շատ դեպքերում, անասելի ցավոտ բեռի տակ, եթե շարունակենք ապագա մեր փոխհարաբերությունները պայմանավորել պատմության փոխանցած բեռով՝ կմնանք անցյալի գերին։ Եթե ապագային միտված քայլեր անելու փոխարեն փորձենք անցյալից ժառանգված չլուծված ու անլուծելի խնդիրները լուծել՝ անցյալում էլ կմնանք։
Մեր այս հարեւանների հետ պետք է կարողանանք նոր որակի հարաբերություններ սկսել։ Ընդհանուր եզրեր գտնել։ 1990-ականների վերջերին շատ բան կարելի էր փոխել։ Պատմությունը տվել էր մեզ այդ հնարավորությունը՝ օգտվել չկարողացանք։ Այսօր՝ այս պատերազմից ու այս պարտությունից հետո մեզ համար շատ ավելի բարդ է։
Առաջարկելու ոչինչ չունենք։ Մեր մեղքով, մեր արկածախնդրության պատճառով կորցրեցինք այն, ինչ կարող էինք զիջել երեկ եւ փոխարենը ստանալ։ Այսօր մեր ձեռքին արժեքավոր խաղաքարտեր չկան։ Մենք նույնիսկ խաղասեղանի մոտ չենք։ Մեր շահերը ներկայացնելու ու պաշտպանելու հնարավորություն չունենք։ Սահել է հողը մեր ոտքի տակից։
Բայց սա վերջակետ չէ։ Եթե ճիշտ ու հեռահար հաշվարկներ անենք, եթե խելամիտ լինենք, եթե պատասխանատու լինենք, եթե ընթացող զարգացումների հոսքում կարողանանք մեզ ճիշտ դրսեւորել՝ ուժ կհավաքենք՝ զրուցակից կդառնանք, մեզ հետ հաշվի կնստեն։
Կշարունակե՞նք աշխարհի ու մեր հարեւանների մասին երեկվա ու այսօրվա պատկերացումներով առաջնորդվել, մնալ անցյալի կաղապարներում՝ կունենանք էլ ավելի վատ իրավիճակ։ Տարածաշրջանում որեւէ դերակատարում չենք ունենա, անիմաստ գլխացավանք ու խանգարող հանգամանք կդառնանք, որի չլինելը բոլորի սրտով է լինելու։
Պետք է տարածաշրջանային խաղացող դառնանք։ Այդպիսին էինք մինչեւ 2020 թվականի աշուն։ 44 օրյա պատերազմի ընթացքում չկարողացանք մեր այդ դիրքը պահպանել։ Բայց կարող ենք վերագտնել մեզ։ Դրա համար առաջին հերթին պետք է իշխանության ղեկին եղած մարդիկ լինեն իրականությանը համարժեք։ Պետք է լինեն պատասխանատու։ Պետք է պետական մտածողություն, պետության ամրապնդման ու հզորացման իրատեսական ու իրականանալի ծրագիր ունենան։
Այսօրվա իշխանավորները նման բարդագույն խնդիր լուծել չեն կարող։ Ասենք՝ նրանք նման ձգտումներ էլ չունեն։ Սահմանների բացման եւ տարածաշրջանային զարգացումներին մասնակցելու մասին նրանց մակերեսային խոսքը պարապ զրույցի ոլորտից է, պարզունակ քարոզչական հնարք, որ երկրի ներսում միայն հակազդեցության է առաջացնում։
Ունենային նման ծրագիր՝ 2018-ի մայիսից մինչեւ 2020-ի օգոստոս ընկած հատվածում, երբ Հայաստանը բոլորովին այլ կարգավիճակ ուներ, իրենք էլ ունեին ժողովրդի վստահությունը՝ կփորձեին կենսագործել։ Փոխարենը՝ ապաշնորհ ու անկարող գտնվեցին, մսխեցին ե՛ւ իրենց նկատմամբ եղած վստահությունը, ե՛ւ տարիների մեր ձեռքբերումները։
Ո՞վ մնալու է իշխանության, ո՞վ լինելու է իշխանություն՝ մի բան պետք է իմանա, եթե ոչ այսօր, ապա այսօրվա սխալների հետեւանքով՝ վաղը, եթե ոչ վաղը, ապա՝ մյուս օրը, բայց այսօրվա սխալների հետեւանքով մենք կարող ենք ամեն ինչ ու անվերադարձ կորցնել։
Այս պարտությունից պետք է ուշքի գալ։ Երկրում կայունություն հաստատել ու զարգացման ուղիներ մշակել։ Ամրապնդվել ու նորովի ներկայանալ աշխարհին։ Մեր հարեւանների հետ խոսելու նոր ճանապարհներ ու ձեւեր գտնել՝ առանց նախապաշարումների, առանց անցյալի բեռի՝ թեթեւացած ու անկաշկանդ՝ ապագայով, այլ ոչ անցյալով պայմանավորված։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։