Facebook- ը հեռացրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տեսանյութը նրա հարսի՝ Լարա Թրամփի էջից:
Վերջինս տեսանյութ էր տեղադրել, որում Թրամփի հետ զրուցում էր մի շարք կարեւոր հարցերի մասին: Ավելի ուշ Լարա Թրամփը ներկայացրել է տեսանյութի արգելքի մասին Ֆեյսբուքից ստացված էլեկտրոնային փոստի սքրինշոթը:
«Դոնալդ Թրամփի Facebook-ի եւ Instagram-ի օգտահաշիվների արգելափակման պատճառով Դոնալդ Թրամփի ձայնով տեղադրված հետագա բովանդակությունը կջնջվի, ինչը կարող է հանգեցնել օգտահաշվի լրացուցիչ սահմանափակումների»,- նշվում է էլեկտրոնային նամակում:
Թրամփի երկարամյա աջակից եւ Fox News հեռուստաընկերության հաղորդավար Շոն Հանիթին Թվիթերի իր միկրոբլոգում այս քայլը որակել է որպես «ծայրահեղ գրաքննություն»:
Սոցիալական մեդիայի հսկան դեռեւս հունվարին էր արգելել Թրամփին մուտք գործել իր հարթակ՝ Կապիտոլիումի շենքում նրա կողմնակիցների անկարգություններից հետո: Այն ժամանակ Facebook- ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, խոսելով արգելքի մասին, նշել էր. «Կարծում ենք, որ այս ժամանակահատվածում չափազանց ռիսկային է նախագահին թույլատրելը, որ շարունակի օգտվել մեր ծառայություններից»:
Դոնալդ Թրամփի Twitter-յան եւ YouTube-յան էջերը եւս արգելափակված են: