Կառավարությունն այսօր հավանություն տվեց պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց սոցփաթեթում ներառված ծառայությունների ընդլայնմանը։
Գործող օրենքով՝ պետպաշտոնյաների կամ նրանց ընտանիքի անմիջական անդամներին սոցիալական փաթեթով տրամադրվում է առողջապահության ծառայությունների, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հանգստի ապահովման հնարավորություն։
Ըստ նոր փոփոխությունների՝ սոցփաթեթի ծառայությունների 4 ուղղություններին ավելանում են եւս երկուսը: Նախատեսվում է սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաեւ պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը եւ մարզա-առողջարարական ու սպորտային համալիրների, լողավազանների ու այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը:
ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը պարզաբանել է, որ այս ծրագիրը միջին եւ ցածր օղակի աշխատողների համար է՝ շուրջ 147,500 քաղաքացու: Շահառու են համարվում պետական համակարգի աշխատողները, ինչպես նաեւ կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության, գիտության ոլորտի մի շարք աշխատողներ՝ թանգարանների, գրադարանների, հանրակրթական ուսումնական հաստատությունների, Մատենադարանի, Հայկական ատոմակայանի, սոցիալական հոգածության կազմակերպությունների աշխատողները եւ այլն, ինչպես նաեւ ԽՍՀՄ-ի եւ ՀՀ ժողովրդական պատվավոր կոչման արժանացած անձինք, որոնք հնարավոր է՝ այս պահին չեն էլ աշխատում:
Պետպաշտոնյան ընդգծել է, որ սոցփաթեթի շահառուները բարձրաստիճան պաշտոնյանները չեն: Վարչապետը, նախարարները, փոխնախարարները, մարզպետները, պատգամավորները, ՍԴ նախագահը եւ նման այլ բարձր պաշտոն զբաղեցնողներ չեն համարվում սոցփաթեթի շահառու: