Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ այսօր Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստում Ազգային խորհուրդը միաձայն 120 կողմ ձայնով ընդունել է Սոցիալական դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձեւը։
Բանաձեւում խստորեն դատապարտվում են խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, մշակութային եւ կրոնական ժառանգության կոթողների եւ հուշարձանների ոչնչացումը:
Մտահոգություն է հայտնվում հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության եւ դրանց ապակայունացնող դերի առնչությամբ:
Շեշտվում է, որ տեւական խաղաղության հասնելու եւ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Խորապես մտահոգություն է հայտնվում, որ ռազմագերիները եւ բռնի պահվող այլ անձինք` ներառյալ քաղաքացիական անձինք, ազատ չեն արձակվել՝ համաձայն Միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949թ. Ժնեւի կոնվենցիայի (III) դրույթների։
Կոչ է արվում Սլովակիայի Հանրապետության կառավարությանը, Եվրամիությանը եւ միջազգային կազմակերպություններին ապահովել պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ բոլոր մեղադրանքների պատշաճ քննությունը, բոլոր ռազմագերիների եւ խաղաղ բնակիչների անհապաղ ազատ արձակումը, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ առանց սահմանափակումների:
Հիշեցնենք, որ սա Ղարաբաղյան վերջին պատերազմի վերաբերյալ Սլովակիայի Ազգային խորհրդի ընդունած երկրորդ բանաձեւն է։ Առաջին՝ «Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության վերաբերյալ» բանաձեւը Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհուրդն ընդունել է նախորդ տարվա հոկտեմբերի 22-ին։