Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, թե այս տարվա առաջին երեք ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 22,3 մլրդ դրամով կամ 9,1 տոկոսով: «Սա բավականին լավ ցուցանիշ է ճգնաժամային, հետպատերազմական տարվա համար»,- գոհունակությամբ ասել է վարչապետը:
Այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետեկամուտների հավաքման հաստատված ցուցանիշը եղել է 305 մլրդ դրամ, բայց հավաքվել է 332,9 մլրդ դրամ:
Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի նույն ժամանակահատվածում հավաքվել է 239 մլրդ դրամ: 2019-ին, որը համարվում էր հեղափոխական իշխանության ամենալավ տնտեսական տարին, առաջին եռամսյակում հավաքվել է այս տարվանից էլ քիչ՝ 299,6 մլրդ դրամ: Միայն անցած տարվա առաջին եռամսյակում է հավաքվել այս տարվանից շատ՝ 349 մլրդ դրամ, որը 4,6 տոկոսով կամ 16 մլրդ դրամով է գերազանցում 2021-ի ցուցանիշը:
Բայց խնդիրն այն է, որ այս տարվա հունվար-փետրվարին ունեցել ենք 5,3 տոկոս տնտեսական անկում: Ուրեմն ինչի՞ արդյունք է սա։ Տնտեսությունը գահավիժում է, բայց հարկերի հավաքումը գերակատարվում է այն դեպքում, երբ այս տարվա բյուջեն չէր արտացոլում Արցախյան պատերազմի բացասական ազդեցությունը, եւ այս տարվա տնտեսական անկման վրա մեծ ազդեցություն են ունեցել թե՛ պատերազմը, թե՛ կորոնավիրուսի համաճարակը:
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց, որ տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտների այս գերակատարումը պայմանավորված է ստվերայնության մակարդակով եւ հարկային վարչարարությամբ:
«Ի դեպ, երբ մենք փորձում ենք համեմատել 2020 թվականի փաստացի եռամսյակային ցուցանիշի հետ, այո՛, անկում կա: Բայց չմոռանանք, թե ինչպիսին էին այդ ամիսները: Հունվար-փետրվարին բավականին մեծ աճ կար, մարտին արդեն կային համաճարակի ազդեցության որոշակի ազդակներ: Եվ համեմատելով այդ ժամանակահատվածի հետ՝ սա իսկապես բավականին լավ ցուցանիշ է, ինչը խոսում է հարկային վարչարարության արդյունավետության, ստվերի մակարդակի կրճատման եւ, ինչու չէ, նաեւ որոշակիորեն կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության մասին»,- ասում է պատգամավորը:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։