1985 թվականի գարնանը ընկերներիս հետ Այրում կայարանից նստեցինք Թբիլիսի-Երեւան գնացքը եւ մեկնեցինք մայրաքաղաք, որտեղ պետք է կայանար ֆուտբոլի Խորհրդային Միության առաջնության բարձրագույն խմբի հանդիպում «Արարատի» մասնակցությամբ:
Այդ ժամանակ ես 15 տարեկան էի եւ առաջին անգամ էի «Հրազդան» մարզադաշտում դիտում ֆուտբոլ: Առաջին անգամ զգացի «Ա-րա-րատ, հո՛ւպ տուր» վանկարկության մոգական ուժը: Դա անգամ վախեցնող էր գյուղի 8-ամյա դպրոցում սովորող աշակերտի համար: Եւ ոչ միայն եւ ոչ այնքան աջակցություն էր սիրելի թիմին, որքան հայկական պահանջատիրության ձայն:
1985-ից մինչեւ 1987-ը մենք դպրոցական ընկերներով հաճախ էինք գնացքով մեկնում Երեւան եւ դիտում «Արարատի» տնային հանդիպումները: Այդ ժամանակ մի քանի տասնյակ հազար ֆուտբոլասեր էր հավաքվում մարզադաշտում:
Հանդիպումներից առաջ երկրպագուները հավաքվում էին Մաշտոցի, այն ժամանակ Լենինի պողոտայում՝ Պրասպեկտում, եւ «Ա-րա-րատ, հո՛ւպ տուր» գոչելով հասնում Հրազդանի կիրճ:
Հայրենասիրությունն ու հայ լինելու հպարտությունը եռում էր մարդկանց մեջ: Խորհրդային տոտալիտար համակարգում հայկական ազգայնականության ու պահանջատիրության ձայնը, հայրենիքի կորստի ու 1915-ի Հայոց ցեղասպանության դեմ բողոքը արտահայտվում էր նաեւ ֆուտբոլով՝ Ծիծեռնակաբերդի բարձունքի ու Մասիսների ստվերի տակ՝ «Հրազդան» մարզադաշտում:
2020-ի 44-օրյա աղետալի պատերազմից հետո, որը ջարդեց հայ ժողովրդի մեջքը եւ պատվազուրկ արեց Հայաստանին, մենք ապրեցինք հաղթանակի առաջին Ալիքը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Մարտի 31-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման J փուլի երրորդ մրցափուլում Հայաստանի ընտրանին 3-2 հաշվով հաղթեց Ռումինիայի հավաքականին:
Սա ֆուտբոլ չէր միայն եւ ոչ էլ միայն հաղթանակ ֆուտբոլի դաշտում:
Սա Հայաստանի առաջին փոքր, բայց կարեւոր հաղթանակն էր համազգային պարտությունը եւ պատվազրկությունը հաղթահարելու ճանապարհին:
Հայաստանին, Արցախին, հայ ժողովրդին այսօր պետք են հաղթանակներ եւ միայն հաղթանակներ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթական Ալիքի սկիզբը դրեց:
Լաս Վեգաս, 1 ապրիլ, 2021
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։