Հայաստան ժամանած ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին եւ այս ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր։
Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության՝ զրուցակիցներն ընդգծել են հումանիտար պայմանավորվածությունների կատարման կարեւորությունն ու տարածաշրջանում կայունության ամրապնդման անհրաժեշտությունը, մտքեր փոխանակել հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։
Ռուսաստանի փոխվարչապետին նույն օրն ավելի վաղ ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Օվերչուկը Երեւան է ժամանել Բաքվից, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահի եւ այլ պաշտոնյաների հետ։
Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներն են։