ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը Միացյալ Նահանգներին կոչ է արել ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին եւ Արցախին՝ հաշվի առնելով ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը:
Կոնգրեսականների նամակում ասվում է, որ օգնությունն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը՝ տների վերականգնման, վերակառուցման աշխատանքների, սննդային անվտանգության ապահովման, դեղերի, ջրի մատակարարման եւ այլ առաջնահերթ խնդիրների լուծման համար:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայամետ կոնգրեսականներն առաջարկել են 2 միլիոն դոլարն ուղղել Լեռնային Ղարաբաղում կոնվենցիոնալ զենքի ոչնչացման ծրագրին, 100 միլիոն դոլարը՝ Պետդեպարտամենտի եւ USAID-ի միջոցով Հայաստանին տնտեսական, կառավարման, օրենքի գերակայության եւ անվտանգության ոլորտներում աջակցությանը:
Կոնգրեսականները հորդորել են դադարեցնել ամեն տեսակի ֆինանսական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի երաշխավորել, որ կրկին չի հարձակվի Հայաստանի եւ Արցախի վրա: