ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է 2020 թվականի Մարդու իրավունքների զեկույցը, որում լայնածավալ անդրադարձ կա նաեւ Հայաստանին: Մասնավորապես անդրադարձ է կատարվել խոսքի, մամուլի, համացանցի, խաղաղ հավաքներ իրականացնելու եւ մի շարք այլ իրավունքների ու ազատությունների:
Պայքար կոռուպցիայի դեմ եւ անվստահություն դատավորների նկատմամբ
Զեկույցում նշվել է, որ Հայաստանի կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարը շարունակել է մնալ որպես առաջնահերթություն: Եվ այս նպատակով իշխանությունները կոռուպցիոն ռիսկերի վերացմանը ուղղված օրենսդրական կարգավորումներ են իրականացրել, քայլեր են ձեռնարկվել նախկին եւ ներկա պաշտոնյաների կողմից չարաշահումների հնարավոր դեպքերի բացահայտման ու մեղավորներին պատժելու ուղղությամբ:
Ընդգծվել է, որ թեպետ գործող օրենսդրությունը ենթադրում է դատական համակարգի անկախություն, սակայն համակարգն ըստ էության չի ցուցաբերում անկողմնակալություն ու անաչառություն: Հասարակության վստահությունը դատավորների նկատմամբ նվազում է, դատավորների շրջանում կոռուպցիան շարունակում է մնալ լուրջ խնդիր:
Քաղբանտարկյալներ չկան, բանտարկյալների իրավունքները ոտնահարված են
Պետքարտուղարությունն ընդգծել է, որ Հայաստանում չեն արձանագրվել կառավարության կողմից ապօրինի սպանության կամ անհետացման դեպքեր, չկան տեղեկություններ քաղաքական բանտարկյալների մասին, սակայն առկա են հաղորդումներ իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկվածների նկատմամբ շարունակվող խոշտանգումների կամ բռնության դեպքերի մասին:
Ըստ զեկույցի՝ ազատազրկման վայրերի սանիտարական պայմանները վատ են, բժշկական օգնության մակարդակը՝ անբավարար: Բանտերում գործում է հիերարխիկ հանցավոր համակարգ: Նուբարաշենի բանտում մարդկանց թիվը գերազանցում է թույլատրելի թվաքանակը, անցած տարվա ընթացքում անօրինական ձերբակալությունների մասին տեղեկություններ են հաղորդվել:
Օբյեկտիվ լրատվության պակաս, սոցցանցային մանիպուլյացիա
Զեկույցում նշվել է, որ մեդիայի ազատության առումով անցնող տարվա ընթացքում օբյեկտիվ լրատվության պակաս է եղել: Նախկին իշխանությունների հետ առնչություն ունեցող անձանց կամ խմբերի ձեռքում է հեռարձակվող եւ տպագիր մեդիայի զգալի մասը, եւ նրանք առաջ են մղում սեփականատերերի շահերը: Արձանագրվել է մեդիա-դիտորդների մտահոգությունը, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ չնայած ղեկավարության փոփոխությանը, շարունակում է տեղեկություն հաղորդել իշխանական դիտանկյունից՝ նշելով, որ այդուհանդերձ Հանրային հեռուստաընկերությունը ավելի հավասարակշռված է, միաժամանակ բաց եւ հասանելի ընդդիմադիր ձայների համար, քան մինչեւ 2018 թվականի հեղափոխությունն էր:
Ըստ Պետդեպի զեկույցի՝ սոցիալական մեդիայի օգտատերերը հնարավորություն են ունեցել ազատորեն արտահայտել իրենց տեսակետները՝ կապված կառավարության կամ նախկին իշխանությունների գործողությունների հետ: Տարվա ընթացքում սաստկացել են սոցցանցերում կեղծ էջերը եւ մեդիան մանիպուլացնելու դեպքերը:
Պետդեպն արձանագրել է, որ կառավարությունը հարգել է հավաքներ իրականացնելու ազատությունը:
Անդրադարձ ղարաբաղյան վերջին պատերազմին
Պետքարտուղարության Հայաստանի մասին զեկույցն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան վերջին պատերազմին՝ նշելով, որ բոլոր կողմերից արձանագրվել են զգալի թվով զոհեր եւ վայրագություններ: Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, վերականգնել է վերահսկողությունը 1994-ին կորցրած շրջանների նկատմամբ, որին հաջորդել է ռուսական խաղաղապահ առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ:
Զեկույցի՝ ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին վերաբերող հատվածում ներկայացված են երկու կողմերի խախտումներն ու բռնությունները՝ արձանագրված իրավապաշտպան կազմակերպությունների, ներառյալ Human Rights Watch-ի ու Amnesty International-ի կողմից: Դրանք ընդգրկում են խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումը, խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունները, գերիների սպանությունները, նրանց նկատմամբ անմարդկային վերաաբերմունքն ու այլ իրավախախտումներ:
Միտումները սխալ են. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս առնչությամբ հայտարարել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կենտրոնում է՝ շեշտելով, որ ցանկացած վայրում մարդու իրավունքների ոտնահարման անտեսումը նպաստում է ամենուր անպատժելիության զգացումի տարածմանը:
«Հրապարակված զեկույցը ցույց է տալիս, որ այսօր մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միտումները սխալ ուղղությամբ են ընթանում»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը