ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 2016 թ. ապրիլյան պատերազմի հինգերորդ տարելիցի կապակցությամբ:
Արտգործնախարարությունն ընդգծել է, որ 2016թ. ապրիլին եւ 2020թ. սեպտեմբերին Արցախի դեմ լայնածավալ պատերազմներն ու դրանց ընթացքում Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործությունները ցույց տվեցին, որ Արցախը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո:
«Միայն Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների հասցեագրումը, Արցախի կարգավիճակի որոշումը կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանում ամուր խաղաղության եւ կայունության համար: Հայաստանը եւ հայ ժողովուրդը գործադրելու են հնարավոր բոլոր ջանքերը՝ լիարժեքորեն վերականգնելու Արցախի մեր հայրենակիցների բոլոր իրավունքները՝ իրենց պատմական հայրենիքում ազատ եւ արժանապատիվ կենսագործունեության համար»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ: