Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք՝ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի՝ մարտի 18-ին տրամադրած նմուշների հետազոտումից հետո:
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի եւ իմունոմիկայի լաբորատորիան, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի եւ Հայ-Ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի եւ մոլեկուլային կենսաբանության ամբիոնի գիտաշխատողները վերծանել են նոր կորոնավիրուսի եւս 12 ամբողջական գենոմ՝ 3-րդ սերնդի սեկվենավորման կիրառմամբ։
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ ի տարբերություն հունվարի հետազոտության՝ մարտին ստացված 12 նմուշներից 10-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամը (B.1.1.7, VOC-202012/01):
Առողջապահության նախարարությունն ընդգծել է, որ տարբեր շտամներով վարակվելու հավանականությունը չի բացառվում, ուստի քաղաքացիներին դարձյալ հորդորում է խստորեն հետեւել հակահամաճարակային կանոններին՝ դիմակ դնել, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի՝ առավել մեծ վարակայնությամբ աչքի ընկնող VOC 202012/01 շտամը տարածվել է արդեն ավելի քան 125 երկրում: Բրիտանական շտամը 41%-ից բարձր վերարտադրողականություն, ինչպես նաեւ այլ շրջանառվող շտամների մեջ արագ տեղավորվելու հատկություն ունի: Մասնագետներն այս շտամով վարակվածների շրջանում առավել մեծ մահացածություն են արձանագրել:
Կորոնավիրուսի VOC 202012/01 տարատեսակը Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հայտնվել է նախորդ տարվա սեպտեմբերին, Հարավաֆրիկյան հանրապետությունում օգոստոսին հայտնաբերվել է 501Y.V2 շտամը, իսկ Բրազիլիայում եւ Ճապոնիայում դեկտեմբերից շրջանառվում է P.1 շտամը: