ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, խոսելով հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների մասին, ասել է, որ քաղաքական երկխոսությունն ինտենսիվորեն զարգանում է՝ փաստելով, որ հազիվ թե գտնվեն այլ երկրներ, որոնց ղեկավարները շփվեն այդքան սերտ եւ արդյունավետ: Նա նշել է, որ 2020-ին Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսով խոսել են ավելի քան 60, իսկ այս տարվա երեք ամիսների ընթացքում՝ 11 անգամ:
Ռուդենկոն հայտարարել է, որ հետխորհրդային շրջանում ռուս-հայկական համագործակցությունն ունի դաշնակցային բնույթ եւ աչքի է ընկնում քաղաքական երկխոսության բարձր ինտենսիվությամբ՝ պատասխանելով «Նովոյե վրեմյա» թերթի հարցազրուցավարի նկատառմանը, թե Ղարաբաղյան պատերազմից հետո հայ-ռուսական հարաբերություններում որոշակի ճգնաժամ է առաջացել, եւ Հայաստանում այսօր շատերը կասկածի տակ են դնում երկու երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունները, մեղադրում Ռուսաստանին, որ բավարար չափով չի օգնել իր ռազմավարական դաշնակցին:
Փոխարտգործնախարարը պնդել է, թե «հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» մշակած կարգավորման հիմնարար սկզբունքներն են դրվել նախորդ տարվա նոյեմբերի 10-ի հայտարարության հիմքում: Նա վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափը պետք է շարունակի առաջատար դեր խաղալ ճգնաժամի հետեւանքների հաղթահարման, հակամարտության քաղաքական-դիվանագիտական ճանապարհով եւ տեւական կարգավորման ուղիների որոնման գործում:
Ռուս դիվանագետի խոսքով՝ ԼՂ-ում պայմաններ են ստեղծվել խաղաղ կյանքի հաստատման համար։ Այսօր Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ զորակազմն է: Դիվանագետը հիշեցրել է, որ ռուս խաղաղապահների աջակցությամբ շուրջ 53 հազար փախստականներ վերադարձել են իրենց տները, կողմերին է փոխանցվել մարտական գործողությունների ընթացքում զոհվածների շուրջ 1700 մարմին, ականազերծվել է մոտ 1800 հա տարածք: ՌԴ-ն ղարաբաղյան վերջին պատերազմից հետո տուժածներին ֆինանսական աջակցություն է տրամադրել շուրջ 15 միլիոն դոլարի չափով:
Ռուդենկոն մատնանշել է 1997-ի օգոստոսի 29-ին ՌԴ եւ ՀՀ միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագիրը, համաձայն որի՝ Ռուսաստանը եւ Հայաստանը պարտավորվում են միմյանց տրամադրել անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ հումանիտար, ռազմական: Մոսկվան պատերազմի օրերին եւ հետպատերազմյան շրջանում պարբերաբար պնդել է, որ այս պայմանագրի համաձայն ռազմական օգնություն ցույց կտար Հայաստանին, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեին նաեւ Հայաստանի տարածք։
ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է նաեւ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների մասին, որոնց հաստատման 29-ամյակը լրանում է ապրիլի 3-ին: «Երկկողմ հարաբերությունները, որոնք ավանդաբար հիմնված են եղբայրական բարեկամության եւ փոխվստահության վրա, զարգանում են դինամիկ, տարբեր մակարդակներում եւ վեկտորներում՝ անկախ արտաքին եւ ներքին իրավիճակից»,- ասել է Ռուդենկոն:
Ռուդենկոն անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներին, դրանք համարելով ինքնիշխան պետության ներքին գործ: Այդուհանդերձ կոչ է արել հանրապետության բոլոր քաղաքական ուժերին զսպվածություն ցուցաբերել, ողջամիտ փոխզիջումների գնալ: Հույս է հայտնել, որ նախընտրական շրջանում ամեն ինչ կանցնի խաղաղ, սահմանադրության շրջանակում եւ ելակետ կծառայի Հայաստանում երկարաժամկետ կայունության հասնելու համար:
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերներից մեկը՝ ապահովելով հանրապետության արտաքին առեւտրի շրջանառության գրեթե մեկ երրորդը, վստահեցրել է Ռուդենկոն: «Համավարակով պայմանավորված՝ 2020-ին, ապրանքաշրջանառությունը թեեւ փոքր-ինչ նվազել է, բայց ակնկալում ենք, որ իրավիճակի հաղթահարելուց հետո կվերադառնանք կայուն աճի հետագծին»,- հավելել է դիվանագետը, պնդելով, որ Ռուսաստանը շարունակում է զբաղեցնել արտաքին տնտեսության հիմնական օտարերկրյա ներդրողի դիրքերը: Ռուսական ներդրումները 2020-ի երրորդ եռամսյակի դրությամբ գերազանցել են 2.1 միլիարդ ԱՄՆ դոլարը կամ ընդհանուր օտարերկրյա ներդրումների 40% -ը: Դրանցից ուղղակի ներդրումներին բաժին է ընկնում 1,7 միլիարդ դոլար:
Պատրաստեց Անուշ Առաքելյանը