«Ծնվել մեծացել եմ Ջրահովիտ գյուղում, դպրոցն այստեղ եմ ավարտել, սովորել եմ Երեւանի սննդի արդյունաբերության տեխնիկումի սառնարանային բաժնում, աշխատել տարբեր թռչնաբուծարաններում: Բայց եկամուտն այստեղ քիչ էր, եւ ծնողներիս մահից հետո որոշեցի գնալ Արցախ»,- պատմում է Սանասար Կարապետյանը:
1998 թվականին վերաբնակեցման ծրագրով Սանասարը կնոջ եւ երեք երեխաների հետ հաստատվել էր Քաշաթաղի շրջանի Սուս գյուղում, որտեղ հողագործության, անասնապահության համար պայմանները բարենպաստ էին: Արագ ոտքի են կանգնում, հող ձեռք բերում, տուն կառուցում, զավակներն ընտանիք են կազմում, առանձնանում, ամեն մեկն իր տունն է ստեղծում:
«5000 քմ տնամերձ հողամաս ունեինք, որի կեսը մրգատու ծառեր էինք տնկել, 2000 մետրը 3 մեծ ջերմոց էինք սարքել, կլոր տարին եկամուտ ունեինք: Ես պետական աշխատանք էլ ունեի. պոմպակայանում էի աշխատում որպես պոմպավար: Դրանից բացի՝ մեր գյուղի դպրոցի երեխաներին դպրոց էի տեղափոխում, վարձատրում էին, դա էլ էր աշխատանք»,-ասում է Քաշաթաղի շրջանի Սուս գյուղի նախկին բնակիչը։
Սանասար Կարապետյանի մտքով չէր էլ անցնի, որ երկու տասնամյակ անց վերադառնալու է Արարատի մարզ՝ պապենական Ջրահովիտ գյուղ, ու ամեն ինչ նորից է սկսելու: Սանասարը գյուղը վերջին լքողներից էր, պատերազմի ժամանակ որդիները դիրքերում էին, նոյեմբերի կեսերին՝ նրանց գալուց հետո է, կահույքի, կենցաղային իրերի մի մասը վերցնելով, Հայաստան եկել:
«Մեր տարածքը մինչեւ հիմա էլ թուրքի ոտքը չի մտել. անցել են կողքով: Մեր գյուղը դեռ կա, բայց դե շրջան չկա, դատարկ մի գյուղ. բնակչություն չի կարող էնտեղ ապրել, աշխատանք չկա։ Թոռս ասում է՝ պապի, երբ ենք գնալու Լաչինի մեր տունը. դժվար է»,- ասում է Սանասար Կարապետյանը:
Որդիների ընտանիքների հետ՝ 11 հոգի, քրոջ տանն են, բայց այսպես երկար չեն կարող ապրել: 650 քառակուսի մետր այս հողատարածքը դեռեւս 90-ականներին էր ստացել, չէր վաճառել, մտածելով՝ մի օր պետք կգա: Եվ այսօր նրա կրտսեր որդու ընտանիքը նոր տուն ունենալու հնարավորություն ունի: Մեկ ամիս առաջ են սկսել շինարարությունը: Ավագ որդին տուն է վարձակալել:
«Նստելով սպասենք, թե մեզ ինչ-որ մեկը պատրաստի տուն կտա կամ հրաշքով մեզ համար տուն կստեղծի, չկա նման բան, երազներում է էդպես լինում»,- ասում է Սանասարը:
Հարսը՝ Գայանե Կարապետյանը, պատմեց, որ պետության տրամադրած աջակցությունից օգտվել են, ամբողջը ներդրել են շինարարության մեջ: Անվճար սնունդ են ստացել, բայց հունվարից հետո օգնությունը դադարել է:
Կառավարության տրամադրած 1,5 մլն դրամով շինանյութ են գնել: Տունը որդիների հետ է կառուցում, օգնում են նաեւ համագյուղացիները, աշխատուժի խնդիր չունեն: Տան հիմքն արդեն գցել են, որոշել են մեքենան վաճառել, այդ գումարով շարունակել շինարարությունը:
«Ինձ փող պետք չէ, քար ու ցեմենտ, ամրան լինի ծածկի համար, Տիրոջից էլ, էդ տվողից էլ, ձեր գալուց էլ գոհ ու շնորհակալ կլինեմ: Շինանյութ լինի, էրեխեքիս հետ սարքենք, տանիք ունենանք մեր գլխավերեւում»:
Կմշակեն տնամերձ հողը, ծառ կտնկեն, բանջարեղեն կաճեցնեն, անասուն կպահեն, բայց այդ ամենը հնարավոր է միայն տունը կառուցելուց հետո:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։