Ըստ արաբական AL JAZEERA գործակալության՝ Միացյալ Նահանգները հաստատել է, որ այս շաբաթ Վիեննայում մասնակցելու է Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ հանձնաժողովի աշխատանքներին եւ հայտարարել, որ «պատրաստ է» ուղղակիորեն բանակցել Թեհրանի հետ:
Ինչպես արդեն նշել էինք, Եվրամիությունը հայտարարել 2015-ին հաստատված միջուկային գործարքի բոլոր կողմերի հանդիպման մասին, որը պաշտոնապես հայտնի է որպես «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր» (JCPOA)։ Այդ համաձայնությունից ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել 2018-ին ՝ փոխարենը որդեգրելով «առավելագույն ճնշման քաղաքականություն»՝ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառում։
Համաձայնագրի եվրոպական կողմերը հայտարարել են, որ Վիեննայում «առանձին» քննարկումներ կունենան ԱՄՆ-ի եւ Իրանի հետ։ Վերջինս արդեն մերժել է ԱՄՆ-ի հետ անմիջական հանդիպումը, իսկ եվրոպացի դիվանագետը «Ռոյթերս» գործակալությանը ասել է, որ «Իրանը եւ ԱՄՆ-ն կլինեն նույն քաղաքում, բայց ոչ նույն սենյակում»:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայությունը Ավստրիայի մայրաքաղաքում առաջընթաց է բոլոր կողմերին համաձայնության վերադարձնելու ուղղությամբ:
«Այս պահի դրությամբ մենք չենք կանխատեսում, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ուղղակի, անմիջական բանակցություններ կլինեն, թեեւ Միացյալ Նահանգները պատրաստ է»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
Փրայսը ասել է, որ Վիեննայում քննարկման համար «առաջնային խնդիրները» կլինեն «Միջուկային քայլերը, որոնք Իրանը պետք է ձեռնարկի JCPOA- ի պայմանների համապատասխանությունը վերադառնալու համար, եւ պատժամիջոցները մեղմացնող քայլերը, որոնք ԱՄՆ-ը պետք է ձեռնարկի ՝ նույնպես համապատասխանությանը վերադառնալու համար»։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրառում էր կատարել ՝ նշելով, որ հանդիպման «նպատակը» կլինի պատժամիջոցների եւ միջուկային միջոցառումների վերացումը, որից հետո էլ Իրանը կդադարեցնի միջուկային զենքի վերաարտադրման աշխատանքները:
«Ոչ մի Իրան-ԱՄՆ հանդիպում: Ավելորդ է»,- հավելել է նա:
Վիեննայի բանակցություններին կմասնակցեն նաեւ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ռուսաստանի կառավարությունների ներկայացուցիչները։