Այսօր Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հայոց մարդասիրական ճեմարանում տեղի կունենա ճեմարանի հիմնադրման 200-ամյակի տոնական միջոցառումը:
Ճեմարանը հայկական սփյուռքի ամենաազդեցիկ կրթական հաստատություններից է: Հիմնադրվելով 1821 թվականին՝ լուրջ դերակատարություն է ունեցել Հնդկաստանի հայ համայնքի պահպանման ու զարգացման գործում: Ճեմարանի հիմնադրումը 18-րդ դարի երկրորդ կեսից Կալկաթայում սկիզբ առած կրթական շարժման ձեռքբերումներից էր:
Ճեմարանն այսօր հայկական թեքումով անգլիական տասնամյա դպրոց է, որի կրթական ծրագրերը վավերացնում է Հնդկաստանի կրթության նախարարությունը, իսկ 1999-ից ենթարկվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
Ինչպես «Ալիք մեդիա»-ն տեղեկացավ ճեմարանից, աշակերտների մեծամասնությունը Հայաստանից է, սովորում են նաեւ Իրանից, Ռուսաստանից, Իրաքից, Հնդկաստանից, Բուրմայից աշակերտներ: Լավագույնները հնարավորություն են ստանում ուսումը շարունակելու Հնդկաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: