Ապրիլի 12-ից սփյուռքի չորս տարբեր համայնքներում մեկնարկում է հայկական սփյուռքի հարցախույզը (The Armenian Diaspora Survey-ADS): Հարցախույզի մասին «Ալիք մեդիա»-ն տեղեկացավ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքից, որն էլ 2018-ին նախնական հետազոտություն կատարելով սփյուռքի չորս համայնքներում (Բոստոն, Կահիրե, Մարսել եւ Փասադենա), եւ սպասված արդյունք ունենալով, 2019-ին շարունակել է հետազոտությունը եւս չորս համայնքում (Արգենտինա, Լիբանան, Կանադա եւ Ռումինիա):Նախորդ տարի հարցախույզը հետաձգվել է համաճարակի եւ արցախյան պատերազմի պատճառով, բայց հիմնարկը մտադիր է այս տարվա աշնանը հարցախույզ կատարել Հյուսիսային Ամերիկայի համայնքներում՝ այդպիսով եզրափակելով նախագածի եռամյա շրջանը:
2021-ի հարցախույզը կանցկացվի Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Փարիզում եւ Դոնի Ռոստովում: Ինչպես տեղեկացանք, հետազոտությունն արժեքավոր պատկերացում է տալիս բազմաթիվ հարցերի շուրջ սփյուռքահայերի մտքերի եւ հասարակական կարծիքի վերաբերյալ: Այն փաստահավաք գիտելիք է տրամադրում հանրությանը եւ օգտակար տվյալներ՝ համայնքների առաջնորդներին, գործիչներին եւ քաղաքականություն մշակողներին՝ համայնքների համար ծրագրեր ու նախագծեր կազմելիս: Հարցաթերթիկում ընդգրկված թեմաների շարքում (լեզու, մշակույթ, եկեղեցի, կրոն, համայնքային ներգրավվածություն, Հայաստանի հետ հարաբերություններ եւ այլն) այս տարի ավելացվել են նաեւ համաճարակի ու արցախյան պատերազմի մասին հարցեր:
«Գալուստ Գյուլբենկյան»-ի այս նախաձեռնությունը, ինչպես տեղեկացանք, գործում է Լոնդոնի հայկական ինստիտուտի հովանու ներքո՝ մի խումբ գիտնականների եւ հետազոտողների առաջնորդությամբ: