«Ես մեծ փորձ ունեմ, դեռ 90-ականների կռվից գիտեմ՝ մարդիկ հիմնականում իրենք են իրենց գլխի ճարը տեսնում։ Իհարկե, կառավարությունը փորձում է հնարավոր ամեն ինչ անել, սակայն, միեւնույնն է, էական դժվարությունները բնակիչներն ինքնուրույն են հաղթահարում։ Ոչ բոլորն են ունակ նոր միջավայրում, նոր մարդկանց շրջանում իրենց տեղը գտնելու, այդ պատճառով մենք որոշեցինք ստեղծել «Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունը՝ աջակցելու տեղահանված հադրութցիներին, պաշտպանելու նրանց իրավունքները եւ զբաղվելու նրանց ինտեգրման հարցերով։ Նաեւ կազմակերպության միջոցով ավելի հեշտ է բնակչության մասին տեղեկություն ստանալ, քան եթե անհատապես գործենք»,- ներկայացնում է ՀԿ-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Քարամյանը։
Դիզակը Հադրութի պատմական անունն է։ Դեռ ճանաչման փուլում գտնվող կազմակերպությունը գործում է նախորդ տարվա դեկտեմբերի 23-ից։ Քանի որ այս պահին շատերն են փորձում սոցիալական հարցերին լուծում տալ, ՀԿ-ն կենտրոնացել է իրավա-քաղաքական խնդիրների վրա։
«Առաջին հերթին ուղիներ ենք փնտրում աղմուկ բարձրացնելու այն խնդրի շուրջ, թե ինչու են օկուպացվել Հադրութի եւ Շուշիի շրջանները։ Չէ՞ որ Ադրբեջանը Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացում խոսում էր ազատագրված յոթ շրջանների վերադարձի մասին: Մենք ուզում ենք հասկանալ՝ արդյոք աշխարհը պաշտպանում է ռուս-թուրքական բարեկամության հետևանքով կազմված հայերի զտման այս հրեշավոր ծրագիրը։ Միաժամանակ սոցիալ-տնտեսական հարցերն էլ են հրատապ լուծում պահանջում, քանի որ մարդիկ դրսում են մնացել. փորձում ենք այդ հարցերին էլ անդրադառնալ։ Մեր ընկերներից մեկը հովանավոր է գտել, եւ ծայրահեղ վիճակում գտնվող տասը ընտանիքների երկարատեւ օգնություն կտրամադրվի։ Սակայն բարդ է տասը հազարից տասին առանձնացնել»,- ասում է Մարգարիտա Քարամյանը։
ՀԿ-ն փորձում է բոլորին ընդգրկել աջակցություն տրամադրող ծրագրերում։ Խոցելի խմբում են հաշմանդամ զինծառայողների ընտանիքները, Բաքվից, Սումգայիթից գաղթածները, Հայաստանից Արցախ ծառայության մեկնած զինվորականների ընտանիքները։ Նաեւ Հադրութի շրջանից երեսունվեց ընտանիք կա, որոնք երկու եւ ավելի զոհ ունեն։ Այդ ընտանիքների համար ծրագիր է ներկայացվել ՄԱԿ-ի գրասենյակ՝ եւ՛ հումանիտար օգնություն, եւ՛ դրամաշնորհ ստանալու համար, որպեսզի կանանց հնարավոր լինի ապահովել աշխատանքով։ Մեծ մասը կորցրել է ամուսիններին, եւ ընտանիքի ծանր սոցիալական բեռը այժմ նրանց ուսերին է։ Այդ պատճառով նախատեսվում են բիզնես դասընթացներ նրանց համար, իսկ դրամաշնորհ ստանալով՝ կկարողանան իրենց համար աշխատանք ստեղծել։ Դա ոչ միայն ավելի արժանապատիվ կլինի, այլեւ կօգնի ինտեգրվելու հասարակությանը։
Հադրութցի երեխաների համար նույնպես նախատեսվում են ծրագրեր։ Ամռանը միջին եւ բարձր տարիքի երեխաների համար կկազմակերպվեն արշավներ, որոնց ընթացքում երեխաները հնարավորություն կստանան ավելի լավ ճանաչելու այստեղ իրենց հասակակիցներին, ինչպես նաեւ ծանոթանալու տեսարժան վայրերին: Կներգրավվեն հենց Հադրութից տեղահանված ուսուցիչները, որոնց երեխաները ծանոթ են։ Այդ ամենը կօգնի, որ երեխաները չկորցնեն իրենց ինքնությունը եւ հեշտ ինտեգրվեն։ Կազմակերպությունը հույս ունի, որ մինչեւ ամառ կհաջողեն հովանավորներ գտնել՝ ծրագիրը իրականացնելու:
«Մենք նաեւ կազմակերպել ենք շարադրությունների մրցույթ։ Երեխաները պատմելու են մեր գյուղերի ավանդույթների մասին։ Շատ հետաքրքիր, խոր, հասուն, խելացի երեխաներ ունենք՝ դժվար կյանքով մեծացած, միշտ պատրաստ իրենց տունը, ընտանիքը պաշտպանելու»,- նշում է տիկին Քարամյանը։
Հադրութի բնակչությունը գրեթե տասներեք հազար է, որից մոտ չորս հազարը վերադարձել է Արցախ: Հիմնականում այն մարդիկ են, որոնք բնակվելու տեղ ունեն, դեռ աշխատում են, կամ էլ այն ծնողներն են, որոնց որդիները ծառայում են բանակում։
«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ն պատրաստվում է կորցրած անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ հայցեր պատրաստելու եւ դիմելու ՄԻԵԴ։ Նաեւ մտադրություն կա Ադրբեջանին դատի տալու Հադրութում իրականացրած ցեղասպանության համար․ դաժանաբար սպանել են ոչ միայն զինվորներին, այլեւ խաղաղ բնակիչներին իրենց տներում, բակերում՝ հիմնականում գլխատելով, կանանց մարմինները մասնատելով։
«Ունենք երեսունյոթ անհայտ կորած, որոնց թվում կանայք եւ հավանաբար երեխաներ։ Կարծում ենք՝ գերի են ընկել, քանի որ չեն գտել նրանց մարմինները։ Անցած պատերազմին մի գյուղից մայրը գերի էր ընկել, հետո փոխանակեցին նրան, հիմա արդեն աղջիկն ու մայրն են անհայտ կորած, չգիտենք՝ կրկին գերի են ընկել, թե սպանված են. մարմինները չկան»,- ներկայացնում է ՀԿ-ի գործադիր տնօրենը։
Այս ամենից զատ՝ ՀԿ-ն նաեւ Հադրութի տարածքում մնացած 364 պատմաճարտարապետական հուշարձանների հարցն է ցանկանում բարձրաձայնել, դրանց մեջ կան չորրորդ եւ վեցերորդ դարերի կառույցներ։
Կազմակերպությունը ներկայացրած խնդիրներին լուծում տալու համար համագործակցում է միջազգայնագետների, իրավաբանների, Արցախի եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանների եւ այլ կազմակերպությունների հետ։