Երեկ yotube-ում շատ պատահաբար մի տեսանյութ հանդիպեց՝ ուղիղ քսան տարվա վաղեմության: Եվրոպայի խորհրդին Հայաստանի եւ Ադրբեջանի միաժամանկյա անդամակցության կապակցությամբ մամուլի ասուլիս էին անցկացրել Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը:
Ուշագրավ երկու պահ։ Հարցին, թե որքանո՞վ են իրենք մոտ ԼՂ կարգավորման սկզբունքների համաձայնեցմանը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է. «Կարծում եմ՝ բավական մոտ ենք»: Հեյդար Ալիեւը, մինչդեռ, խոսում է քննարկումները շարունակելու պատրաստակամության եւ խնդիրը բացառապես խաղաղ բանակցային միջոցներով լուծելու նպատակադրվածության մասին:
Իսկ երբ լրագրողներից մեկը, եթե չեմ սխալվում՝ «Սնարքի» թղթակիցը փորձում է կոնկրետություն մտցնել, Ռոբերտ Քոչարյանն ասում է, թե պետք է գտնվեն այնպիսի փոխզիջումներ, որ «մարսելի լինեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրություններին»:
Ադրբեջանի նախագահը համաձայնում է այդ մոտեցմանը՝ կոնտեքստից դուրս թողնելով, սակայն, Լեռնային Ղարաբաղը: Նրա համար փոխզիջումները պետք է ընդունելի լինեն Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների համար:
Սա՝ 2001թվականի հունվարին, երբ ի պատասխան Ադրբեջանի տարածքի քսան տոկոսը «բռնազավթված լինելու»՝ ադրբեջանցի լրագրողի դիտարկմանը Հայաստանի նախագահը բառացիորեն հետեւյալն է ասում. «Եթե երկու տարի առաջ ընդհանուր պետության առաջարկը կողմերից մեկը չմերժեր, իսկ հայկական երկու կողմերը դրան համաձայնություն էին տվել, ապա այսօր այդ թեմայով խոսելու անհրաժեշտություն չէր լինի»:
Ի՞նչ կապ ունի Քոչարյան-Հեյդար Ալիեւ դիվանագիտական դիմակայությունը Սեւրի ուրվականի հետ: Ասեմ: Ասուլիսին հարց է հնչում նաեւ Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման եւ Ռոբերտ Քոչարյանին ու Հեյդար Ալիեւին հանդիպման հրավիրելու՝ նախագահ Շիրակի նախաձեռնության մասին:
Այստեղ պետք է տեսնել Հայաստանի նախագահի ոգեւորությունը: Տպավորություն է, թե նա վստահ է, որ Ֆրանսիայի նախագահը միանշանակ պրոհայակական մոտեցում ունի, ինչին ի պատասխան Հեյդար Ալիեւն ընդգծված նենգամտությամբ ասում է, որ, այո, Ֆրանսիան գերտերություն է, բայց Թուրքիան էլ հզոր երկիր է եւ պատմության քաղաքականցման (Ֆրանսիայում ցեղասպանության ճանաչման) նկատմամբ իր մոտեցումը «նեգատիվ է»:
Կարիք կա՞ հիշեցնելու, որ ԼՂ կարգավորման այդ փուլում քննարկվում էին այսպես կոչված «փարիզյան սկզբունքները» (որ այդպես էլ մնացին չհրապարակված), իսկ առջեւում Քիուեսթն էր: Դա հայկական դիվանագիտության էյֆորիայի շրջանն էր, երբ քաղաքական հիմնական դերակատարները գրեթե լիահույս էին, որ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը Լաչինի միջանցքով միավորվում է Հայաստանին, եւ իրականանում է այնքան բաղձալի «միացումը»:
Պատկերավոր ասած՝ գործընթացի վրա կախված էր Սեւրի ուրվականը: «Այն, ինչ չի հաջողվել 1920-ին, իրականություն է դառնում այսօր»,-մոտավորապես այս տրամադրությունն էր թեւածում Երեւանում եւ Ստեփանակերտում, որտեղ, ի դեպ, արդեն կուլիսային քննարկումներ էին գնում՝ նախկին ԼՂԻՄ տարածքը Հայաստանին միավորել որպես մեկ մա՞րզ, թե հնարավոր է երկու մարզպետ ունենալ: (Ղարաբաղյան էլիտան, կարծես, այդ մեծ գործարքից իր բաժինն էր ուզում՝ պետական-քաղաքական կարգավիճակի առումով):
Մանրամասնությունների մեջ խորանալու համար հարկ կլինի մի ամբողջ վերլուծություն անել՝ հիմնավորելու, որ «միացում» տարբերակով ԼՂ կարգավորումն ավելի քան անիրատեսական էր: Անձնական տպավորություն ունեմ, որ առաջարկությունը եղել է Հեյդար Ալիեւից՝ որպես խայծ: Այդ փուլում Բաքվի գերխնդիրը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթով ԼՂ-ի՝ որպես հակամարտության լիիրավ կողմի կարգավիճակի չեղարկումն էր, իսկ վերջնական համաձայնությունը չստորագրելու պատրվակ Հեյդար Ալիեւը միշտ կգտներ:
Սեւրի ուրվականն, այսպիսով, արեց իր գործը։ Եթե գնում ենք միացման, ի՞նչ կարիք կա, որ Ստեփանակերտը լինի բանակցող կողմ: Մի՞թե այնտեղ կա մեկը, որ դեմ է Հայաստան-Արցախ միավորմանը: Իհարկե՝ ոչ: Այդ դեպքում Հայաստանի նախագահը, որ երկու-երեք տարի առաջ ԼՂ-ի առաջնորդն էր, ինչու՞ չի կարող բանակցել նաեւ Ստեփանակերտի անունից: Ահա այս վստահությունն է զգացվում Ռոբերտ Քոչարյանի խոսքում: Եւ նրա երբեմն ոչ այնքան դիվանագիտական ձեւակերպումների նկատմամբ Հեյդար Ալիեւի «հանդուրժողական» լռությունը Հայաստանի երիտասարդ նախագահի ինքնավստահությունից գոհունակության արտահայտություն է հասկացվում:
«Ծովը՝ ծնկներից»՝ ահա, թերեւս, Հայաստանի նախագահի քսանամյա վաղեմության կեցվածքի լրագրողական-քաղաքական ընկալումն այսպիսին պիտի լիներ: Մանավանդ Հեյդար Ալիեւի այն ընդհանրացման ֆոնին, որ «ի վերջո Ադրբեջանի տարածքներն են օկուպացված, Հայաստանից մեկ մետր հող օկուպացված չէ»:
Ես չգիտեմ՝ Վազգեն Սարգսյանն իրո՞ք ասել է, թե ճարպիկ լրագրողներն են նրան այն միտքը վերագրել, որ ավելի հաճելի է լսել, որ մեզ օկուպանտ են անվանում, քան՝ լինել զարկված ու զրկված, բայց դա նույն Սեւրի ուրվականի, թերեւս, ամենացցուն դրսեւորումն է՝ հար եւ նման «քսանմեկերորդ դարը մերն է լինելու» զուտ էմոցիոնալ կանխատեսմանը:
Իրականության մեջ ոչ միայն Սեւրի, այլեւ հարյուրամյա վաղեմության որեւէ համաձայնություն, անգամ եթե դա Սայքս-Պիկոյի գաղտնի գործարքն է, հետադարձ ուժ չի կարող ունենալ: Քաղաքականությունը տվյալ իրավիճակից հնարավոր առավելագույնին հասնելու արվեստ չէ, գիտություն է: Հաշվարկ: Պրագմատիկա:
Թուրքը մի խոսք ունի՝ նաղդ օլսուն, սողան օլսուն՝ թեկուզ սոխ, բայց հաստատ լինի: Սեւրի ուրվականը մանկական շաքարաքլոր էր, որ Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիեւի դիվանագիտական մենամարտի տարում էլ արդեն վաղուց հալած, թափված, կոպիտ իրականության ցեխերի մեջ կոխկրտված էր: Մնացել էր փայտե ձողիկը, որ, գուցե, ինչ-որ տեղ իբրեւ թանգարանային նմուշ դեռ պահվում է: Միամիտ-ռոմանտիկների համար: Լինեն նրանք հայ, թե քուրդ: Իսկ մենք ուղղակի պարտավոր ենք մանկական չարաճճիություններից վերադառնալ հասուն տարիքի:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։