19-ամյա Հակոբ Գասպարյանը պայմանագրային զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը: «Սովորում էի, սեպտեմբերի 25-ին որպես գումարտակի բուժակ տեղափոխվեցի Հադրութ, 27-ին էլ պատերազմը սկսվեց: Լուրը լսելուն պես հայրս կամավորագրվել էր ու երեկոյան արդեն ինձ մոտ էր: Էդ 44 օրը միասին ենք անցկացրել»,- պատմում է Հակոբը:
Ասում է՝ միշտ մտածել է, որ պատերազմներում մարդիկ են միմյանց դեմ զենքը ձեռքներին «տղավարի» կռվում, բայց այս պատերազմն այդպիսին չէր: «Առավոտյան արթնացա ու արկերի պայթյուն լսեցի: Չեմ կարող ասել, թե շատ էի վախեցել, քանի որ այս պատերազմն ինձ համար սպասելի էր: Այնուամենայնիվ, առաջին անգամ էի դիրքերում, ու միանգամից պատերազմ… Առաջին վիրավորի հետեւից գնալուց հետո ինձ մի քիչ կորցրել էի, բայց սկսեցի ինքս ինձ հետ խոսել ու հանգստացնել: Ասում էի՝ ամեն ինչ լավ է լինելու, ես պարզապես իմ գործը պիտի անեմ, մարդկանց կյանքի հետ գործ ունեմ»:
Այդ օրվա ընթացքում մի քանի վիրավորի օգնություն ցույց տալուց հետո Հակոբն այնքան է հոգնել, որ երբ երեկոյան հայրը եկել է, չի ճանաչել նրան: Ասում է՝ այս պատերազմում «մարտի դաշտ» հասկացություն չկար, որովհետեւ ամբողջ Արցախն էր մարտի դաշտ, չկար մի տեղ, որը չէր ռմբակոծվում կամ ապահով էր: Իրենք էլ առաջնագծից վիրավորներին փորձում էին տարհանել համեմատաբար անվտանգ վայրեր ու առաջին բուժօգնություն ցույց տալ:
Հիմա Հակոբը փորձում է մոռանալ ամիսներ առաջ կատարվածը: «Երբ այնտեղ ես, դեռ չես հասկանում, թե ինչ է կատարվում, բայց հետադարձ հայացք գցելը շատ ծանր է, հասկանում ես, որ պիտի ջնջես հիշողությունիցդ: Գրեթե ամեն պահի վտանգ կար: Ես ընկերոջս՝ Արթուրի հետ էի, ինքը նաեւ մեքենայի վարորդն էր, շատ համարձակ տղա է: Երբ մի դեպք էր լինում, ինքն ինձնից առաջ արդեն էնտեղ էր լինում: Մի անգամ նահանջել էինք Ճարտար, մեզ հետ կապվեցին ու ասացին, որ էլի վիրավորներ կան: Ես ու Արթուրը դուրս եկանք: Թուրքերը մեզնից ընդամենը 500 մետր հեռավորության վրա էին: Գյուղացիները մեզ կանգնեցրին ու ասացին, որ առաջ չգնանք: Արթուրն ասաց, որ չգնալ չենք կարող. վիրավոր տղերքը մեզ են սպասում: Էդպես առանց երկմտելու գնացինք:
Հասանք, մեքենայի դռները բացեցինք, նկատեցին ու թիրախավորեցին: Հրազենային բոլոր զինատեսակներից կրակում էին: Վիրավորին հանելիս Արթուրն էլ վիրավորվեց. մատն էր կտրվել: Ես էլ ոտքիցս շոշափող հրազենային վիրավորում ստացա: Արթուրին մեքենայի մեջ տեղափոխեցի, զենքը լիցքավորեցի, որ կրակեմ, ու հասկացա, որ դիպուկահարի թիրախում եմ: Բախտս բերեց, որ իր փամփուշտները ճիշտ ժամանակին վերջացան: Մեր մեքենան արդեն ցանց էր դարձել: Մի կամավոր, որին առաջին անգամ էի տեսնում, մի կերպ մեքենան դուրս բերեց էդտեղից: Հետո հորս ու հորեղբորս տղային հանդիպեցինք, մի ուրիշ մեքենա գտանք ու վիրավորներին հոսպիտալ տարանք»,- պատմում է Հակոբը:
Արթուրին տեղափոխել են Երեւան, իսկ Հակոբը Գիշիում է հոսպիտալացվել: Ասում է՝ չէր ուզում մնալ այնտեղ, քանի որ կարծում էր՝ մյուս տղաներին վտանգավոր տեղում մենակ է թողել. ծանոթ թե անծանոթ՝ բոլորը մի ընտանիք էին դարձել:
Առավոտյան թշնամին սմերչով կրակել է հոսպիտալի վրա: Հոսպիտալը տեղափոխել են Ստեփանակերտ: Երկու օր այնտեղ մնալուց հետո, նկուղային հոսպիտալից ճնշվելով, Հակոբը հորը խնդրել է գալ ու իրեն այնտեղից տանել: Այն ժամանակ նա կարծում էր, թե իր վերքը լուրջ չէ, բայց հետո բարդություններ են առաջացել, ու ստիպված է եղել բուժումը շարունակել: Հոսպիտալից գնալու ճանապարհին Հակոբը հոր հետ մեքենայով գլորվել է ձորը. հերթական անգամ բախտը բերել է ու ողջ է մնացել:
«Զանգեցի, եկան մեզ օգնեցին, հանեցին, ու շարժվեցինք դեպի Ճարտար: Էդ ժամանակ էլ գյուղի գազամատակարարման խողովակներն էին թիրախավորել, կրակի միջով հասանք գյուղ: Եթե մեկ ուրիշն ինձ պատմեր էս մասին, կմտածեի՝ հեքիաթ է…»,- ասում է Հակոբը:
Պատերազմի ընթացքում սննդի ու նման այլ խնդիրներ չեն ունեցել: Հակոբն էլ՝ որպես վիրավոր զինծառայող, պետությունից ֆինանսական աջակցություն է ստացել: Բուժման ծախսերն էլ է պետությունը հոգացել:
Պատերազմը Հակոբի վրա թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցություն է թողել. մի կողմից ստիպել է կյանքը վերարժեւորել, մյուս կողմից հոգեբանության վրա է հետք թողել: Պատերազմի դադարեցման, պարտության պատճառների մասին Հակոբը չի ուզում խոսել, ասում է՝ դեռ ամեն ինչ պարզ ու հասկանալի չէ: Միաժամանակ վստահ է՝ կռիվը շարունակվելու է, ու մեր Արցախն էլի մերն է լինելու:
Այն հարցին, թե ապագայի ինչ ծրագրեր ունի, Հակոբն ասում է. «Անպայման պիտի սովորեմ ու ավարտեմ, բայց պատերազմից վերադառնալուց հետո, գիտակցելով, որ մի վայրկյանում կյանքդ 180 աստիճանով կարող է փոխվել, ծրագրերս 1-2 ամսվա համար եմ կազմում, ոչ ավելի»: