ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների գնահատմամբ՝ Ուկրաինայի սահմաններին ռուսաստանյան զինվորականների տեղաշարժերի մասին հաղորդումները հավաստի են: Վաշինգտոնը Մոսկվայից պահանջում է պարզաբանել սադրանքները՝ կոչ անելով ձեռնպահ մնալ լարվածությունից:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Փրայսն ընդգծել է, որ ռուսները երկար ժամանակ ձգտել են ահաբեկել եւ վախեցնել իրենց հարեւաններին։
Իրավիճակն առանձնապես սրվել է անցած շաբաթավերջին: Ռուսաստանն առնվազն 4 հազար զինվոր ու ծանր զրահատեխնիկա է տեղակայել Ուկրաինայի սահմանների մոտ։
Ուկրաինայի արեւելյան այս շրջաններում անջատականների ու կառավարական ուժերի 7 տարի շարունակվող մարտերում զոհվել է ավելի քան 13 հազար մարդ։
Պենտագոնը հայատարարել էր, որ Եվրոպայում տեղակայված իր զորամիավորումները բերել է առավելագույն բարձր պատրաստվածության աստիճանի։
Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի պաշտոնակցի հետ եւ խոստացել «Ուկրաինային երբեք միայնակ չթողնել Ռուսաստանի ագրեսիայի դեմ»։
Նախօրեին Ուկրաինային առնչվող մտահոգությունների վերաբերյալ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք չէ Ուկրաինայի համար, ոուսական բանակը տեղաշարժվում է երկրի պաշտպանության համար անհրաժեշտ եղանակով եւ նպատակահարմար ուղղություններով՝ հանուն սեփական անվտանգության ապահովման: