Թուրքիայի խոշոր բանկերից մեկի՝ Yapı Kredi-ի՝ Ստամբուլի արվեստի ցուցասրահներից մեկում գործում է հայ դերասան, դրամատուրգ, բեմադրիչ, խմբագիր, գրող Հակոբ Այվազին եւ նրա հրատարակած «Քուլիս» հայկական հանդեսին նվիրված ցուցահանդես՝ «Քուլիս․ Հակոբ Այվազ, թատրոնի ժամանակագիր» խորագրով: Ցուցահանդեսը բացվել է 2020-ի դեկտեմբերին եւ պետք է ավարտվեր 2021-ի փետրվարի 21-ին, սակայն նկատի ունենալով նրա հանդեպ հետաքրքրությունը եւ նաեւ այն մանրակրկիտ աշխատանքը, որ նախորդել է ցուցահանդեսին՝ կազմակերպիչները երկարաձգել են մինչեւ հուլիսի 25-ը՝ ցուցադրված բացառիկ նյութերն ավելի մեծ թվով այցելուների հասանելի դարձնելու համար:
Ցուցահանդեսը, ինչպես տեղեկանում ենք առցանց ցուցադրության կայքից, կազմակերպել է «Հրանտ Դինք» հիմնադրամը Թուրքիայի թատրոնի հիմնադրամի եւ Yapı Kredi մշակույթի, արվեստի ու հրատարակչական կազմակերպության հետ համագործակցությամբ և «Քրեստ» հիմնադրամի, Նիդերլանդների Թագավորության գլխավոր հյուպատոսարանի, Ֆրանսիայի դեսպանատան եւ Քաղաքացիական իրավունքների պաշտպանների կազմակերպության աջակցությամբ:
Ցուցահանդեսի հիմքը կազմում է պոլսահայ մտավորական, արվեստի նվիրյալ եւ հավաքորդ Հակոբ Այվազի (1911-2006) արխիվը: 2006 թվականին Հակոբ Այվազի մահից հետո նրա արխիվը նվիրաբերվել է Ստամբուլի «Ակոս» թերթին, ապա՝ «Հրանտ Դինք» հիմնադրամին։ Այն բաղկացած է մոտ 600 ձեռագիր ու տպագիր տեքստից, ավելի քան 500 պարբերականից, հայերեն ու թուրքերեն հանդեսներից ու գրքույկներից, նաեւ մոտ 12 հազար այլ նյութերից, որոնց մեջ՝ տարբեր հեղինակների անտիպ պիեսներ, լուսանկարներ, պաստառներ, ծաղրանկարներ, լրագրերից կտրածոներ, հրավիրատոմսեր, գծանկարներ ու բացիկներ։ «Հրանտ Դինք» հիմնադրամում են պահվում նաեւ նրա որոշ անձնական իրեր, մրցանակները, ինչպես նաեւ նրա այսպես ասած կյանքի գործը՝ Թուրքիայում 1946-1996 թվականներին տպագրված «Քուլիս»-ի 1104 համարները: Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք «Հրանտ Դինք» հիմնադրամից, տարիների ընթացքում հիմնադրամը ստեղծել է Այվազի արխիվի գրացուցակը եւ թվայնացրել այն, որը հետազոտողների համար հասանելի դարձավ ցուցահանդեսի բացմանը զուգահեռ:
Ցուցահանդեսում մի ամբողջական բաժին նվիրված է «Քուլիս» հանդեսին՝ նրա դերին ու ազդեցությանը Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս: 50 տարի անխափան հրատարակված հանդեսը երեւույթ է եղել պոլսահայ մամուլի եւ առհասարակ հայ մամուլի պատմության մեջ: Լինելով Մերձավոր Արեւելքի երկրների հայերեն միակ մասնագիտացված թատերական պարբերականը, տարածվել է շատ երկրներում, նպաստել սփյուռքում հայոց լեզվի, ազգային ավանդույթների ու սովորույթների պահպանմանը, լուսաբանել մշակույթի եւ արվեստի տարբեր բնագավառների անցուդարձը սփյուռքում, Հայաստանում եւ աշխարհում։
Օսմանյան կայսրությունում ու Թուրքիայում 19-րդ դարի կեսերից մինչեւ վերջին տասնամյակները ծաղկում ապրած հայկական թատերական կյանքին վերաբերող բնագիր նյութերը, որ պատանի տարիքից հավաքել է Հակոբ Այվազը, բացառիկ արժեք են ներկայացնում Թուրքիայի եւ համաշխարհային թատրոնի պատմության համար:
Ցուցահանդեսի կազմակերպիչները կարեւորել են նաեւ թուրքական թատրոնի զարգացման ճանապարհը, որ հստակ կարելի է տեսնել Հակոբ Այվազի հրատարակած հանդեսում, ինչպես նաեւ այն հոդվածներում, որ Հակոբ Այվազը 1935-1946 թվականներին տպագրել է «Ժամանակ», «Թուրքիա», «Նոր օր», «Կավռոշ» եւ այլ պարբերականներում:
Երբ «Քուլիս»-ը դադարեց լույս տեսնելուց, 1997-ից մինչեւ կյանքի վերջը՝ անգամ 95 տարեկանում, Այվազը գրում էր «Ակոս»-ում: 94 տարեկանում նա նույնիսկ այցելել է Հայաստան (28 տարվա ընդմիջումից հետո), որտեղ նրան շնորհվել է «Արտավազդ» թատերական մրցանակը: ««Քուլիս»-ի շնորհիվ ես աշխարհի բոլոր կողմերում բարեկամներ ունեցա, եւ դա իմ ամենամեծ հարստությունն է»,- Երեւանում ասել է նա: Այվազն արժանացել է նաեւ Թուրքիայի գրողների եւ թատերական քննադատների միությունների մրցանակների:
Ազդվելով Հակոբ Այվազի գործունեությունից՝ անցյալ դարի կեսերին Բեյրութում հիմնվել է «Բեյրութահայ քուլիսականների թատերախումբ»-ը, որը այլ պիեսների շարքում բեմադրել է նաեւ Հակոբ Այվազի գործերից:
Հակոբ Այվազը նաեւ տաղանդավոր բեմադրիչ, դերասան եւ գրող էր: Նրա անմահ վեպը՝ «Լուցիքա տուտու»-ն, պոլսահայ գրականության գլուխգործոցներից է: Գիրքը երկու անգամ տպագրել է «Արաս» հրատարակչությունը Պոլսում (2001, 2003): «Արաս»-ը այս ցուցահանդեսի բացման օրերին տպագրել է նաեւ Հակոբ Այվազի «Բեմի ընկերներս» գիրքը, իսկ թուրքական Yapı Kredi հրատարակչությունը լույս է ընծայել Այվազի հուշամատյանը, որում ընդրգկվել է ցուցահանդեսի նյութերի մեծ մասը:
Ստամբուլի իր աշխատասենյակը՝ լեցուն բազմազան նյութերով, Հակոբ Այվազն անվանել էր «Իմ դրախտ»-ը. ցուցահանդեսին մեկ անգամ եւս հիշվել է, որ Ստամբուլի փոքրիկ սենյակում հայ մտավորականն իսկապես կերտել էր իր դրախտը:
Վիրտուալ ցուցահանդես «Քուլիս․ Հակոբ Այվազ, թատրոնի ժամանակագիր»
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։